Wednesday, February 9, 2011

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇ

«Լրագիր» 9-2-2011- Վերջերս ազգային հեռուստատեսությամբ հաղորդվող և քննարկվող ամենատարածված լուրը ադրբեջանական դրոշի պատմությունն է, թե ինչպես արդեն երրորդ անգամ մեր հարևան երկիրը փորձում է աշխարհի “ամենամեծ դրոշը” ծածանել Բաքվի վրա, սակայն քամին այն ամեն անգամ պատռում է: Թեման, անշուշտ, զավեշտալի է, սակայն այն, որ սա դարձել է մեր երկրի “համար մեկ” լուրը, ավելի ծիծաղելի է, քան բուն դրոշի ծիծաղելի պատմությունը:
Իսկ ամեն ինչ այդքան ծիծաղելի չէր լինի, եթե այդքան տխուր չլիներ: Ես արդեն մի քանի օր է փորձում եմ Հայաստանի պաշտոնական որևէ մեկնաբանություն գտնել Ադրբեջանի չորս ու կես միլիարդ դոլարի ռազմական բյուջեի մասին /որից երեքը բուն ռազմականն է, իսկ մյուս մեկուկես միլիարդը ռազմաարդյունաբերական/, սակայն այդպես էլ չեմ գտնում, իսկ դրա փոխարեն եթեր են սփռվում ադրբեջանական դրոշի պատմությունները: Միակ “վերլուծությունը” կատարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ պարոն Սամվել Նիկոյանը, ով հայտարարեց, որ իր հաշվարկներով Ադրբեջանի այդ հայտարարած գումարը մոտ մի միլիրադով ուռճացված է, քանի որ Ադրբեջանում կա կոռուպցիա:

Մեր պաշտոնյաների խոսակցությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ ամբողջ երկրով պայքարում ենք ու տոնում նորանոր հաղթանակներ, իսկ հարևան երկիրը չի էլ ուզում մտածել այդ մասին: Ճիշտն ասած, ինձ ոչ այնքան Ադրբեջանի դրոշն է հետաքրքրում, ոչ էլ այդ երկրի կոռուպցիայի մակարդակը, այլ այն, որ հարևան երկիրը ունենալով Հայաստանի պետական բյուջեից մոտ կրկնակի անգամ ավել ռազմական բյուջե, ամեն օր սպառնում է պատերազմել, ու ամեն օր մոտ հազար կրակոց է արձակում մեր դիրքերի ուղղությամբ:

Անշուշտ պետք չէ այս թվերից խուճապի մատնվել, սակայն երբ այս ամենին մենք միայն պատասխանում ենք մեր մարտունակության մասին հայտարարություններով, լավագույն դեպքում որպես փաստարկ բերելով մեր “անկոտրում” ոգին, դա արդեն այնքան էլ լուրջ չի հնչում: Մոռացա, մեկ էլ բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններով ենք սարսափեցնում հակառակորդին, և ինչպես միշտ “անհայտ պատճառներով” խուսափում ենք արտասանել այդ նույն բանակի հիմնադիր նախագահի ու սպարապետի անունները:

Դե լավ, դա էլ հաշվենք մերօրյա քաղաքականության մի բաղադրիչ, բայց գոնե պետք է հիշվեին պատերազմի մասնակից այն տղաների անունները, որոնք այսօր բանտում են, ու Ազգային բանակի օրը լավագույն առիթը կարող էր հանդիսանալ նրանց` ընդամենը մի հրամանագրով ազատելու համար: Չգիտեմ ով է խորհուրդներ տալիս Սերժ Սարգսյանին, ու մեր իշխանությունները իրենց հույսը ինչի վրա են դրել, սակայն տարին դեռ չսկսած, Ադրբեջանի ընդունած ռազմական բյուջեին գումարվեց նաև Չաուշօղլուի կողմից առաջարկված ու ստեղծված ԵԽ ենթահանձնաժողովը, իսկ այս փաստի դեմ էլ կրկին չունենք որևէ պատասխան, միայն մի քանի հարցին չառնչվող հայտարարություն ու ոչինչ:

Իրականում մեր տարածաշրջանի մյուս երկրները օր օրի զարգանում, իրար հետ կապեր են հաստատում, սեփական երկրի վարկանիշը բարձրացնում, իսկ մենք ընդամենը հայտարարություններ ենք անում: Թե Վրաստանը մեզանից ավելի շատ սփյուռք ունի, որ ամեն տարի մեզանից մի քանի անգամ ավելի զբոսաշրջիկներ է ընդունում: Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանին թվում է, որ հայտարարելով, որ երբևէ հայերն ու վրացիները իրար դեմ զենք չեն բարձրացրել, այդպես էլ եղել է: Ախր որևէ մեկը չկա երկրի առաջին դեմքը համարվող մարդուն ասի, որ նախորդ դարասկզբին երկու անգամ ունեցել ենք հայ-վրացական պատերազմ կամ Հունաստան այցելելուց առաջ խորհուրդ տա, որ պետք չէ հայտարարել, որ հայերն ու հույները երբեք կրոնական հողի վրա վեճեր չեն ունեցել:

Չէ որ մեր երկիրը ներկայացնող մարդը իր “չճշտված” հայտարարություններով պարբերաբար հայտնվում է ծիծաղելի վիճակում և ընդհանրապես, արդեն ժամանակն է, որ մեր պետական այրերը սկսեն լուրջ հարցերի մասին մտածել ու խոսել, թե չէ կհայտնվենք մի այնպիսի իրավիճակում, որ այսքան մեծ-մեծ ու ոչ կարևոր բաների մասին խոսելով, մի օր քաղաքում ձյուն կգա ու տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունեցող ու “ամենաոչկոռումպացված” երկիրը կպարալիզացվի ու ոչ մի ռեսուրս չի ունենա /աղ, ավազ և այլն/ որպեսզի կարողանա մաքրել իր փողոցները:

ԱՌԱՔԵԼ ՍԵՄԻՐՋՅԱՆ

No comments: