Tert.am. 9-2-2011- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմն ունի բացթողումներ, որոնք կապված են վերաբնակեցման և Ղարաբաղում ժողովրդավարության հաստատման խնդիրների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:«Ցավոք, ստատուս քվոն դառնում է ինքնանպատակ, եթե մենք չենք վերաբնակեցնում ազատագրված տարածքները: Եվ ոչ միայն չենք վերաբնակեցնում, այլև ինչ-որ տեղ նկատվում է նաև արտագաղթ»,- ասաց Հակոբյանը՝ նկատի ունենալով արցախցի պաշտոնյաների տեղափոխումը Հայաստան: «Ժառանգության» ներկայացուցչի խոսքով՝ պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ պաշտոնյաները պաշտոնավարումից հետո լքել են իրենց երկիրը: Նման երևույթը, Հակոբյանի կարծիքով, վկայում է այն մասին, որ «մենք հեռանկարներ չենք կապում Ղարաբաղի հետ»:
«Ղարաբաղից պաշտոնական արտագաղթը սկսվեց այն ժամանակ, երբ ժողովրդի կողմից ընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում նշանակվեց վարչապետ՝ պայմանավորված Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: Դրան հաջորդեց ԼՂ մյուս պաշտոնյաների արտագաղթը Հայաստան»,- ասաց վերլուծական կենտրոնի ղեկավարը՝ ավելացնելով, որ ԼՂ-ից դուրս եկած պաշտոնյաները պետք է վերադառնան ԼՂ: «Մեր ազգային շահն այսօր Ղարաբաղը վերաբնակեցնելն է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու նախկին դաշնակցականը ժամանակին իր կարծիքը չի հայտնել Քոչարյանի՝ Հայաստանում վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց վարչապետ, ինքն ասուլիս է հրավիրել ու արտահայտել թե իր, թե իր կուսակցության տեսակետը: «Ռոբերտ Քոչարյանի նշանակումը մեր ներքին դիվանագիտության սխալն էր»,- շեշտեց Հակոբյանը՝ պարզաբանելով, որ նման քայլով մենք աշխարհին դրդեցինք լուրջ չվերաբերվել ինքնորոշման համար մղվող մեր պայքարին:
Անդրադառնալով Արցախում ժողովրդավարության խնդրին՝ Հակոբյանը նշեց, որ եթե նախորդ տարիներին Ղարաբաղը համարվում էր Ադրբեջանից ավելի ժողովրդավար, և դա ԼՂ-ի համար քաղաքական կապիտալ էր աշխարհում ներկայանալու համար, ապա այսօր Ադրբեջանը և Ղարաբաղը ժողովրդավարության առումով նույն նժարի վրա են, և դա լուրջ խնդիր է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment