Wednesday, February 2, 2011

Դ. Բաբայան. Ադրբեջանի մոտեցումը թաղային լեզվակռվի նման մի բան է հիշեցնում

Panorama.am. 2-2-2011- «Խոսել ինչ-որ դիվանագիտական հաղթանակների մասին, կարծում եմ ճիշտ չէ: Նախևառաջ այդ ենթահանձնաժողովի ստեղծումը ոչ մի ձևով չի նշանակում, որ այդ ենթահանձնաժողովը կարող է այնպիսի որոշումներ ընդունել, որոնք ճակատագրական են լինելու ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ ասենք հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծվելու առումով»,- անդրադառնալով ԵԽԽՎ բյուրոյի այն որոշմանը, որի համաձայն վերականգնվում է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև ադրբեջանական կողմից հնչող այն հայտարարություններին, թե այդ որոշմամբ Ադրբեջանը դիվանագիտական հաղթանակ գրանցեց՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, այդ ենթահանձնաժողովն ինչ-որ ձևական ատրիբուտ է. Եթե ադրբեջանցիները կարծում են, որ եթե հայկական կողմը չի ընդունում այդ ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնումը, ուրեմն եթե դա վերականգնվում է, նշանակում է, որ իրենք դիվանագիտական հաղթանակ են տարել՝ սխալվում են:
«Կարծում, որ նման մոտեցումը թաղային լեզվակռվի նման մի բան է հիշեցնում, որը բավականին վաղուց Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է դարձել: Բաքուն իր այդ դիրքորոշմամբ վատնում է և իր ռեսուրսները, և շեղում է բանակցային գործընթացը բուն թեմայից»,- ասաց Դ. Բաբայանը:
Նա նշեց, որ եթե Բաքվում ցանկանում են երկխոսություն ստեղծել, ապա ենթահանձնաժողովի ստեղծումը դրա լավագույն տարբերակը չէր, այդ երկխոսությունը կարելի է իրականացնել ուղղակի ձևով:
«Եթե Ադրբեջանը իրոք շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ, ապա առաջին հերթին պետք է երկխոսություն հաստատի Արցախի իշխանությունների հետ, ինչն այսօր ուղղակի բացակայում է»,- ասաց բանախոսը:

No comments: