Thursday, February 17, 2011

Եթե Հայաստանը դեմ լինի Թուրքիայի ԵԱՀԿ նախագահությանը` հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օգանը:

- Վերջին շրջանում միջազգային փորձագետները հաճախ են կանխատեսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում: Դուք մոտ ապագայում պատերազմի հեռանկար տեսնո՞ւմ եք:
- Գիտեք, մինչեւ 2015թ. ոչ մի լուծում ես չեմ ակնկալում: Ադրբեջանը չի սպասի մինչ այդ, ուստի պատերազմի հավանականությունը այժմ ավելի մեծ է, քան անցյալ տարի: Հիմա իրավիճակը, իհարկե, այլ է ամբողջ աշխարհում: Հայաստանից ու Ադրբեջանից դուրս բազում իրադարձություններ են ծավալվում` Եգիպտոսի դեպքերը, հեղափոխությունները Միջին Արեւելքում, որոնք շատ ավելի անհանգստացնող երեւույթներ են, ուստի մոտ ապագայում Ղարաբաղում ես պատերազմ չեմ սպասում:

- Դուք ասում եք, որ Ադրբեջանը չի սպասի մինչեւ 2015թ.: Կարելի՞ է ենթադրել, որ մինչ այդ կլինեն ռազմական գործողություններ:
- Այո՛, դրա հավանականությունը մեծ է, բայց ոչ հիմա: Ճիշտն ասած` իմ կարծիքով, շատ քիչ է հավանական Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը խաղաղ ճանապարհով: Այդ հավանականությունը գնալով ավելի է պակասում: Ադրբեջանը այժմ իրեն տնտեսապես հզոր է համարում, ուստի ավելի հավանական է, որ նա դիմի ռազմական ուժի հիմա:

- Պատերազմի վերսկսման դեպքում ի՞նչ դեր կունենա Թուրքիան: Եվ ի՞նչ ազդեցություն կունենա հնարավոր պատերազմը ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
- Նախ պետք է ասել, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները փոխվել են. դրանք նույնը չեն, ինչ 20 տարի առաջ: Ռուսաստանը չի կարող նույն դիրքը ստանձնել, ինչ 20 տարի առաջ: Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի նստել Ադրբեջանի հետ, ում հետ ունի տնտեսական եւ ռազմավարական շահեր: Ռուսաստանը կփորձի նաեւ պահպանել հարաբերությունները Հայաստանի հետ` այսպիսով լոյալ դիրք գրավելով: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն կփորձի խոչընդոտել պատերազմի վերսկսումը: Թուրքիան ուզում է այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Իսկ թե ինչպես այս ամենը կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա` կարելի է ասել, երբ ժամանակը գա, եւ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց դիրքորոշումը արտահայտեն: Իհարկե, այժմ փոխվել են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունները, իհարկե, դեռ կան խնդիրներ, բայց դրանք այդքան մեծ չեն: Կարծում եմ` նրանք կհամագործակցեն պատերազմը կանխելու համար:

- ԱՄՆ պետքարտուղարի մամուլի քարտուղարի մամլո խոսնակն այս շաբաթ հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունները կարող են մոտ ապագայում վերսկսվել: Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը այդ ուղղությամբ բանակցություններ կվարի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ: Ինչքանո՞վ է Անկարայի համար նպատակահարմար, որ Թուրքիային վերաբերող խնդրին միջամտում է Բաքուն: Մյուս կողմից` ինչպե՞ս եք մեկնաբանում Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե Թուրքիան շարունակի Լեռնային Ղարաբաղի հարցը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, ապա Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը Ցյուրիխյան արձանագրություններից:
- Ես կարծում եմ` ոչ մի դեպքում Հայաստանը իր ստորագրությունը հետ չի կանչի: Դա կփակի հաշտության բոլոր ուղիները: Այս հարցում ներգրավված են ոչ միայն երկու կողմերը, այլեւ ԱՄՆ-ն եւ այլ կարեւոր ուժեր, ուստի նման բան անել Հայաստանին թույլ չեն տա: Երկրորդ` հիմա բանակցություններ սկսելը շատ բարդ է, քանի որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են Թուրքիայում, եւ թուրք հասարակությունը շատ նրբազգաց է այս հարցի նկատմամբ, ուստի իշխող կուսակցության համար նպատակահարմար չէ հիմա սկսել բանակցություններ Հայաստանի հետ: Նաեւ կարեւոր դեր է խաղում այն փաստը, որ Թուրքիան հավակնում է ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել: Եթե Հայաստանը դեմ լինի Թուրքիայի նախագահությանը, ապա խոսք չի կարող գնալ հայ-թուրքական հարաբերությունների մասին:

No comments: