Wednesday, February 2, 2011

ԲԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 2-2-2011- Եգիպտոսի իրադարձությունները շարունակում են լինել Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում: Այդ իրադարձությունների ընթացքում առանձնահատուկ արձագանք ստացավ եգիպտական բանակի դիրքորոշումը:
Ինչպես հայտնի է, այդ երկրի բանակը հայտարարեց ժողովրդի վրա չկրակելու եւ ցուցարարների դեմ բռնություն չկիրառելու մասին: Եգիպտական բանակի այդ դիրքորոշումը Հայաստանում առիթ տվեց համեմատություններ անցկացնել հայկական բանակի հետ, որը 2008 թվականի հետընտրական իրադարձություններում, մասնավորապես մարտի 1-ին ներգրավված էր ընդդիմության բողոքը ճնշելու գործին:
Հայաստանի բանակը մարտի 1-ին չհայտարարեց, որ ուժ չի կիրառի քաղաքացիների դեմ, չի կրակի նրանց վրա: Այդ հանգամանքն էլ հաշվի առնելով, Հայաստանի հասարակության տարբեր շերտեր համեմատություն են անցկացնում եգիպտական եւ հայկական բանակների միջեւ, բնականաբար առավելությունը, նախապատվությունը տալով եգիպտականին: Խոսքն իհարկե իրավագիտակցության, քաղաքացիական գիտակցության առումով համեմատության մասին է, ոչ թե ռազմական ունակությունների, հմտությունների, մարտունակության:

Բայց, կարծում եմ, որ այդ համեմատություններն այդքան էլ տեղին եւ իրատեսական չեն եւ առավելապես գտնվում են էմոցիոնալ հողի վրա: Բանն այն է, որ բանակը` լավ, թե վատ, խիստ պահպանողական կառույց է: Քաղաքացիական պայքարի սահմանային իրավիճակներում բանակը թերեւս ընտրություն է կատարում ոչ թե քաղաքացիական գիտակցությամբ, իրավագիտակցությամբ, հոգու կանչով, խղճի խայթով, այլ ուժերի հարաբերակցության հստակ գնահատմամբ` որտեղ է գտնվում իշխանությունը տվյալ սահմանային իրավիճակում:

Այդ ժամանակ բանակը անցնում է այն կողմ, որտեղ իշխանությունն է, կամ պարզապես որոշում է իշխանությունը վերցնել իր ձեռքը: Եգիպտոսում ակնհայտ էր, որ իշխանությունն արդեն գտնվում է փողոցում, քաղաքացիների կամ ընդդիմության ձեռքին, որ Մուբարաքը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին:

Մարտի 1-ին Հայաստանում այդպիսի իրավիճակ չկար: Մինչեւ մարտի 1-ը իշխանությունը Հայաստանում կիսված էր, ընդ որում նույնիսկ երեք մասի` մի մասը գտնվում էր Բաղրամյան 26-ում` Ռոբերտ Քոչարյան, մյուս մասը կառավարության շենքում` Սերժ Սարգսյան, իսկ մյուս մասն էլ Ազատության հրապարակում` Լեւոն Տեր-Պետրոսյան:

10 օր տեւած այդ եռիշխանությունը մարտի 1-ին ընդհատվեց ուժի գործադրմամբ, որը սակայն բանակով չէ, որ արվեց: Այդ եռիշխանության “խախտման” մեթոդների իրավականությունը, բարոյականությունը, արդարացիությունը այլ խոսակցություն են: Արձանագրենք փաստը, որ մարտի 1-ին Ազատության հրապարակը կորցրեց իշխանությունը: Եվ միայն այդ ժամանակ իշխանությունը բանակ բերեց Երեւան, երբ արդեն ակնհայտ էր, որ քաղաքացիների եւ ընդդիմության իշխանական բեւեռն արդեն բավական թուլացած է եւ չի տիրապետում իրավիճակին:

Բայց նույնիսկ այդ ժամանակ բանակը Երեւան բերելով եւ փողոց հանելով, իշխանությունը քաղաքացիների հանդեպ ուժի կիրառումը վստահեց ինչ որ առումով հայտնի, ինչ որ մասով անհայտ “ծագման” դիմակավորներին: Բանն այն է, որ անգամ այդ քաղաքացիական բեւեռի թուլացման պարագայում իշխանության մոտ թերեւս չկար հաստատ համոզվածություն, որ ինչ որ պահի բանակը չէր արգելակի ուժի կիրառումը ցուցարարների դեմ:

Այդ ամենով հանդերձ, կան նաեւ եգիպտական բանակի գործողությունները բնորոշող տարբեր այլ գործոններ, թե ներքին իրավիճակի, թե նաեւ արտաքին ազդեցության առումով: Բայց թերեւս մոլորություն կամ ինչ որ առումով ենթագիտակցական ցանկություն է այդ գործողությունները բարոյական, իրավագիտակցական եւ այդ կարգի այլ գործոններով բնորոշելը: Համենայն դեպս, այդ ամենի մասին խոսելու համար պետք է հստակ տիրապետել եգիպտական բանակի կազմին, գեներալական դասի որակներին, իշխանության հետ նրանց ունեցած սերտ կապին եւ այլն: Դժվար է օրինակ պատկերացնել, որ Եգիպտոսում հարստահարող, երկրի հարստությունը իր ձեռքը կենտրոնացրած էլիտան այդ ամենից բաժին չհաներ բանակի գեներալական դասին:

Բայց խնդիրն այն է, որ վճռական այդ պահերին, սահմանային այդ իրավիճակներում, բանակն արդեն ոչ թե գեներալներն են, այլ միջին, եւ առավելապես կրտսեր սպայակազմն ու զինվորները: Իսկ այդ կոնտինգենտը կազմում են նույն քաղաքացիները, նրանց հայրերը, որդիները, ամուսինները եւ եղբայրները:

Այնպես որ, գլխավոր խնդիրն այստեղ թերեւս իրավիճակներն են, ոչ թե բանակների բարոյա-գիտակցական նկարագրերը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: