Wednesday, February 2, 2011

Հայ–թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը քանդվում է. Անկարան կայացրեց որոշումը

Tert.am. 2-2-2011- Թուրքիայում պաշտոնապես որոշում է կայացվել ապամոնտաժել Կարսում տեղադրված Խաղաղության և մարդասիրության հուշարձանը, որը խորհրդանշում է նաև հայ–թուրքական բարեկամությունը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստում քվեարկության է դրվել արձանն ապամոնտաժելու հարցը, որին դեմ է քվեարկել խորհրդի նիստին մասնակցող 23 անդամներից 4-ը, կողմ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության 11 և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության 8 անդամներ։
«Գործընթացն սկսված է։ Արձանն ապամոնտաժելու ենք այն մասերի բաժանելու միջոցով։ Արձանի ապամոնտաժման համար մրցույթ է սահմանվելու, որպեսզի որոշվի, թե որ ընկերությունն է զբաղվելու դրա աշխատանքներով։ Եվ եթե այս ամիս դա որոշվի, ապա հաջորդ ամիս կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները»,– հայտարարել է Կարսի քաղաքապետ Նևզաթ Բոզքուշը։
Նշենք, որ մինչ այս պահն արձանն ապամոնտաժելու մասին միայն լուրեր էին շրջանառվում և որևէ պաշտոնական որոշում չկար։
Հիշեցնենք, որ հունվարին Կարս կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հրեշավոր» էր բնութագրել հայ–թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը և կարգադրել քանդել այն։
«Ինձ արձանի բովանդակությունն ընդհանրապես չի հետաքրքրում, և շատ քիչ բան գիտեմ, թե իրենից ինչ է ներկայացնում այդ արձանը»,– թուրքական Hurriyet օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր Թուրքիայի վարչապետը։
Այդ հայտարարությունից հետո Էրդողանի հասցեին հնչել էին տարբեր քննադատություններ։ Արձանը հեղինակած քանդակագործ Մեհմեդ Աքսոյը հայտարարել էր, որ անխղճություն է Մարդկության հուշարձանը բնութագրել որպես «հրեշավոր», իսկ դա քանդելով Էրդողանը կնմանվի «Թալիբանին», որը մի քանի տարի առաջ աֆղանական տաճարում քանդել էր Բուդդայի ժայռափոր արձանը:
Բացի այդ, Էրդողանի հայտարարությունը լայն արձագանք էր գտել նաև միջազգային մամուլում։
«Կարսում կառուցված` հայերի ու թուրքերի բարեկամությունը խորհրդանշող արձանը քանդելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությունը վկայում է այն խորը սառեցվածության մասին, որ այժմ առկա է հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելուն և սահմանը բացելուն ուղղված ջանքերում»,– գրել էր The Wall Street Journal–ը։
Էրդողանի այդ հայտարարությանն աջակցել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով միևնույն ժամանակ հայտարարել էր, թե այդ արձանն ապամոնտաժելու որոշումը որևէ առնչություն չունի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։

No comments: