Friday, February 11, 2011

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈԲԲԻԻԶՄ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ», 11-02-2011- Ամեն անգամ, երբ լուրեր են շրջանառվում, որ Միջազգային Ճգնաժամային խումբը պատրաստվում է իր հերթական զեկույցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, այնքան աժիոտաժ է առաջանում վերլուծաբանների, փորձագետների շրջանում, որ կարծես թե խոսքը գնում է աներկբա հեղինակություն վայելող, լուրջ, փաստարկված եւ խիստ օգտակար վերլուծության մասին: Բայց ամեն անգամ զեկույցի լույս տեսնելուց հետո ակներեւ են դառնում դրա անլրջությունը, ոչ փաստարկված լինելը եւ անօգտակարությունը, եւ բոլոր կողմերից այն արժանանում է քննադատության:
Խմբի վերջին զեկույցում քաղաքագիտական վերլուծությունները եւ փաստերի շարադրումը շաղախված են միակողմանի քաղաքական գնահատականներով եւ սելեկտիվ թվարկումներով: Խումբը այնքան է ցանանում «օբյեկտիվ» երեւալ, որ ամեն կերպ փորձում է հավասարության ձողը պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններում, դիրքորոշումներում եւ վարքագծում: Այսինքն, անտեսելով իրականությունը, եւ «ամեն գնով հավասարություն եւ նմանություն» գտնելու մոլուցքով, վերլուծությունը վերածվել է միակողմանի քաղաքական գնահատականի եւ, ըստ էության, զրկվել է որպես օբյեկտիվ եւ օգտակար վերլուծություն ծառայելու հնարավորությունից:
Օրինակ, ելնելով ադրբեջանական հայտարարություններից եւ ԶԼՄ-ների տարածած ապատեղեկատվությունից, 2010 թ. Սանկտ Պետերբուրգյան եռակողմ հանդիպումը որակվել է որպես «անբավարար»` ընդհանրապես փորձ անգամ չանելով պատկերացում ձեւավորելու, թե ի՞նչ է եղել հանդիպման ընթացքում, ով ի՞նչ է ասել եւ ո՞վ է խախտել իր խոսքը:
Կամ, նշվում է շփման գծում 25 զոհվածների մասին, բայց նորից փորձ չի արվում հստակ նշել, թե նրանցից որքանն են ադրբեջանցիները (9) եւ որքանՙ հայերը (16): Հասկանալի է զոհերի գերակշռություն ունեցաղ կողմն է սովորաբար ագրեսիայի զոհը, եւ Ճգնաժամային խմբի վերլուծաբանների աչքից վրիպել է այս կարեւոր դրվագը: Գնահատելով հունիսին շփման գծում ադրբեջանական սադրանքի մասնակից, 4 հայ զինվորների սպանած Մուբարիզ Իբրահիմովի հուղարկավորության հիստերիան, որն իր կազմակերպման սկզբից մինչեւ վերջ հիշեցնում է բեմականացված ահաբեկչություն, խմբի վերլուծաբաններն այն որակում են «հուզումնալից»` ընդհանրապես անտեսելով մարդասպանին «շահիդ» հռչակելու սադրիչ որոշումը: Փոխարենը, փորձ է արվում հավասարության նշան դնել Ադրբեջանի նախագահի եւ «հայ պաշտոնյաների» հայտարարությունների միջեւ: Համեմատելով Ալիեւի հայտնի հայտարարությունները, թե իբր «մերօրյա Հայաստան պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա», խմբի վերլուծաբանները նկատում են, որ «հայ պաշտոնյաները պարբերաբար նման բաներ են ասում Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավար մարզի մասին»: Որքան էլ, որ հսկայական տարածք է ունեցել Մեծ Հայքը, հայտնի չէ, որեւէ հայ պաշտոնյա, որ երբեւէ ասած լինի, թե Բաքուն հին հայկական քաղաք է, մի բան որն Ալիեւն է անում Երեւանի հասցեին 1918 թ.ից առաջ գոյություն չունեցած իր պետության մասը համարելով:
Ճգնաժամային խումբը, լիակատար ձեւով ադրբեջանական մեկնաբանություններին տեղիք տալով, սադրիչ է համարում հայկական կողմի շինարարական գործունեությունը «Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում»: Արդյոք դպրոց, ծննդատուն, ճանապարհ կամ ոռոգման համակարգ կառուցելու ծրագրերը կարելի՞ է որակել «սադրիչ»: Նման անմարդկային ձեւակերպում մինչ օրս լսվել է միայն մեկ մայրաքաղաքից, եւ այն իր մեջ կրում է բացարձակապես քննադատության արժանի ցինիզմի որակներ: Որեւէ իրեն հարգող կազմակերպություն, որը կոչված է լինել անաչառ եւ հետազոտական, այն էլ` արեւմտյան արժեքներ դավանող, իրեն թույլ չի կարող նման բան թույլ տալ:
Ճգնաժամային խումբը գնահատական է տալիս Հայաստանի ներքաղաքական պատկերին, նշելով, թե իբր ՀՀ նախագահը «թույլ վստահություն» ունի Հայաստանում, իսկ ընդդիմությունը ուժեղ է եւ լավ կազմակերպված: Այս նորությունը թերեւս շատերի ծիծաղը կառաջացնի Հայաստանում, ծիծաղ, որը կլինի անակնկալ ոգեւորություն մի քանի հոգու մեջ (թեեւ ցավալի է, որ նման ոգեւորությունը պետք է պատճառվի վարկաբեկված հետազոտական կառույցի կողմից) եւ քմծիծաղ` շատերի մեջ: Ի դեպ, ընդհանրապես անտեսվում է Ադրբեջանում ժառանգական միապետության եւ ներքաղաքական կյանքը որեւէ կերպ ներկայացնելու հանգամանքը:
Վերլուծությունում կոչ է արվում Ռուսաստանին զերծ մնալ զենք ու զինամթերք տրամադրել` այդ ընթացքում անտեսելով որեւէ կոչ անել Ադրբեջանի հիմնական զենք մատակարարող երկրներին` Թուրքիային, Բոսնիային, Իսրայելին որեւէ «կոչ» անելուց:
Գիտաֆանտաստիկ վերլուծությունը եւս տեղ է գտել այստեղ: Օրինակ, վերլուծաբանները նշում են, որ մինչեւ 2014 թ. ադրբեջանական նավթային պաշարները կսկսեն նվազել եւ «Հայաստանը ու Լեռնային Ղարաբաղը, տեղյակ լինելով այս ժամանակացույցին, կարող են հրապուրվել նախահարձակ լինելու գայթակղությանը»: Միջազգային հարաբերությունների տեսությունն ունի այսպիսի մի մոտեցում: Մոտեցման էությունը նրանումն է, երբ հակառակորդ երկրի բյուջեն միանշանակ վերընթաց աճ է ունենում կանխատեսելի ապագայում, եւ քո բյուջեն, ի տարբերություն հակառակորդի, այդ նույն ժամանակ անկում է ունենում, այս անկման եւ աճի հատման պահին հնարավոր է նախահարձակ լինել, որպեսզի ձեռք բերես այն, ինչն այլեւս հնարավոր չի լինի ձեռք բերել ապագայում: Այս տեսության կողմնակիցները օբյեկտիվորեն նման օրինակներ են բերում 1913 թիվը եւ 1940-41 թթ.-ները, երբ Գերմանիան Ռուսաստանի եւ այնուհետեւ ԽՍՀՄ հանդեպ նման անկում ունեցավ եւ սանձազերծեց իր համար կործանարար Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները: Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում նման հարաբերակցություն (անկում ընդդեմ աճի) տեղի չի ունեցել, սակայն 2005 թ.-ից ադրբեջանական բյուջեն կտրուկ աճ է ունեցել, երբ նույն տարվա ռազմական բյուջեն արձանագրեց 71 տոկոսանոց աճ: Նույն հատվածում, սակայն, հայկական տնտեսությունը որեւէ անկման նշույլ անգամ չուներ: Բայց, եթե ընդունում ենք տեսությունը մասամբ, ապա հայկական կողմը 2005 թ.-ին պետք է նախահարձակ լիներ, քանի որ հակառակ կողմը տեսանելի ապագայում շարունակ ռազմական բյուջեի աճ պետք է արձանագրեր: Հայկական կողմը նախահարձակ չեղավ, քանի որ ագրեսոր երկիր չէ: Դա առավել եւս չի կարող տեղի ունենալ 2014 թ.ին: Համաձայն վերոհիշյալ տեսության, եթե կողմերից որեւէ մեկը նախահարձակ լինի 2014 թ.ին, դա Ադրբեջանը պետք է լինի: Ակնհայտ է, որ Ճգնաժամային խմբի վերլուծաբանները տարընթերցել են քաղաքագիտական տեսությունը եւ ֆանտաստիկ, կամ ավելի շուտ աբսուրդ, եզրահանգման եկել, որին որեւէ ռազմական փորձագետ լուրջ չի կարող վերաբերվել:
Զեկույցի հեղինակները նաեւ չեն ընկալում, որ Հայաստանը ընդունում է Մադրիդյան փաստաթուղթը որպես հիմք բանակցությունները շարունակելու համար, ինչի մասին հայկական կողմը բազմիցս է հայատարարել: Մինչդեռ ադրբեջանական կողմն ունի վերապահումներ: Այս հանգամանքը գլխիվայր է ներկայացված զեկույցում, թե իբր հայկական կողմը որեւէ հստակություն չի մտցնում այս հարցում` ի տարբերություն Ալիեւի, որը հայտարարել է, որ «հիմնականում ընդունում է հիմնարար սկզբունքները»:
Զեկույցը արտացոլում է նաեւ այն իրականությունը, որ հեղինակները աշխատել են Բաքվից, Ստամբուլից եւ որոշ չափով նաեւ Թբիլիսիից: Երեւանում Ճգնաժամային խումբը չունի սեփական վերլուծաբանը, որը միգուցե կփորձեր ինչ-որ կերպ ճշգրտումներ մտցնել զեկույցում: Սակայն փորձագետի առկայության դեպքում էլ չի կարելի վստահաբար ասել, որ դա կստացվեր: Երբ վերլուծությունն արվում է հստակ նախապաշարմունքով, չի կարող հաջողություն ունենալ, քանի որ վերածվում է քաղաքական լոբբինգի առարկայի, թիրախային կողմերից մեկը, կամ այս պարագայում, երեքն էլ, այն պարզապես անտեսում են եւ, բնականաբար, պիտակավորում: Այսինքն, խումբը երկարաժամկետ եւ արժեքավոր վերլուծություններ չի կարողանում տրամադրել, որոնք ողջունելի կլինեն հակամարտող կամ հակադրվող կողմերից յուրաքանչյուրի համար: Ճգնաժամային խումբն անաչառ հետազոտական դաշտից փորձ է կատարում ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ ակնհայտ միակողմանի մոտեցումներով, որն ամենեւին ողջունելի չէ:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ, Հանրապետական խմբակցության քարտուղար

No comments: