Wednesday, February 2, 2011

Հայաստանի Օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ հրաժարականի մասին դիմում է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովին՝ տեղեկացնելով, որ ինքը ստանձնել է Կենտրոնական Ասիայում Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հրաժեշտի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Օմբուդսմենը նշեց, որ մտադիր է հետագայում իր աշխատանքը շարունակել մարդու իրավունքների միջազգային համակարգում:
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածության մասին խոսակցություններին, այդ թվում Տիգրան Կարապետյանի թկենածության հնարավորությանը, Արմեն Հարությունյանը նշեց, որ ինքը նման հարցով որևէ քննարկում չի ունեցել: Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի օրենսդրությունն ու Սահմանադրությունը հստակ պատասխանում է այն հարցին, թե ով կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան, քանի որ օրենսդրությունը հստակ չափանիշներ է սահմանում:
Օմբուդսմենի խոսքով՝ եթե նոր Պաշտպանը համապատասխանի օրենքով տրված չափանիշներին, ապա Հայաստանը կունենա լավ Պաշտպան։ Ավելին, Արմեն Հարությունյանը վստահ է, որ նոր պաշտպանը լավ աշխատելու լայն հնարավորություններ ունի՝ թե այսօր առկա օրենսդրական հիմքերի, թե միջազգային ասպարեզում Հայաստանի ՄԻՊ ներկայացվածության իմաստով: «Հայաստանի ՄԻՊ ինստիտուտը կայացած է»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով իր կատարած աշխատանքի ձեռքբերումներին՝ Հարությունյանը նշեց, որ ինքը փորձել է ՄԻՊ ինստիտուտը հնարավորինս հեռու պահել քաղաքական գործընթացներից, ինչն իրենց ինչ-որ առումով հաջողվել է: Օմբուդսմենի գնահատմամբ՝ իրենց գրասենյակը կարողացավ որևէ քաղաքական կողմի հետ չձուլվել, թեև կարծում է, որ այդ առումով դեռ անելիքներ կան, քանի որ իրենց ամբողջությամբ չհաջողվեց փարատել այն կասկածները, որ ՄԻՊ ինստիտուտը որևէ ուժի կողմից չէ:
Նա ընդգծեց, որ նոր Պաշտպանը ևս այդ հարցով պետք է զբաղվի՝ պատրաստ լինելով երբեմն «ուղղակի մամուլի միջոցով քաղաքական շանտաժի ենթարկվել»:
Հրաժեշտից առաջ վերջին հանդիպման ժամանակ Արմեն Հարությունյանը ներկայացրեց նաև իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ 2006թ. փետրվարի 20-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը Պաշտպանի գրասենյակը ստացել է 18346 դիմում-բողոք, վերականգնվել է 8703 անձանց խախտված իրավունքը: Օմբուդսմենի խոսքով՝ նախորդ հինգ տարիների ընթացքում իր գրասենյակ ստացված ահազանգերի հիմնական դժգոհությունները Երևանի քաղաքապետարանից, մարզպետարաններից, ոստիկանությունից, դատարանններից, արդարադատության նախարարությունից են:
«Այն քաղաքացիներից, ովքեր ավելին էին ակնկալում ինձնից, ներողամտություն եմ հայցում և հավաստիացնում, որ արել եմ առավելագույնը, ինչ կարող էի և հույս ունեմ, որ ՀՀ մարդու իրավուքնների հաջորդ պաշտպանը կանի ավելին»,- իր խոսքը եզրափակեց Արմեն Հարությունյանը:

No comments: