Tuesday, February 1, 2011

Վիրահայոց թեմը տեղյակ չէ, որ Թբիլիսին Թուրքիային Սամցխե-Ջավախքում եւ Ախալցխայում մզկիթ կառուցելու թույլտվություն է տրամադրել

News.am. 1-2-2011- Վիրահայոց թեմը տեղյակ չէ փաստին, որ Թբիլիսին Թուրքիային Սամցխե-Ջավախքում եւ Ախալցխայում մզկիթ կառուցելու թույլտվություն է տրամադրել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Մարիա Առաքելովան:
«Այդ հարցի վերաբերյալ հստակ ոչինչ չենք կարող ասել։ Մզկիթներ վերականգնելու եւ կառուցելու լուրերը բամբասանքի մակարդակի վրա են։ Մեզ ոչ ոք այդ մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդել։ Մեզ առհասարակ հայտնի չէ, որ վրացական եւ թուրքական կողմերի միջեւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել »,- ասաց Առաքելովան։
Պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանի խոսքով, Ախալքալակի բերդում կա 18-րդ դարի մզկիթ: Սակայն այդ մզկիթից բացի Ջավախքում չկա ու չեն եղել այլ մզկիթներ. «Ախալցխայում կա երկու մզկիթ. Մեկը գտնվում է թանգարանի տարածքում եւ մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը մզկիթը ծառայել է որպես ռուս ուղղափառ եկեղեցի, իսկ երկրորդն առ այսօր ծառայում է որպես Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական առաքելական եկեղեցի. Այսինքն, ներկայումս, այն Ախալցխայում գործող միակ հայկական եկեղեցին է: Եթե թուրքերն ուզում են վերականգնել կամ նորոգել մեր հայկական եկեղեցին, ապա թող գան ու նորոգեն եկեղեցին իրենց հաշվին»,- ասաց նա:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, թուրքական եւ վրացական կառավարական հանձնաժողովների միջեւ արձանագրություն է կազմվել, համաձայն որի Թուրքիան պատրաստվում է Վրաստանում վերականգնել 3 եւ կառուցել մեկ մզկիթ, իսկ Վրաստանը հնարավորություն է ստանալու վերականգնել Թուրքիայի տարածքում գտնվող 4 հնագույն վրացական եկեղեցիները։ Թուրքական կողմը մզկիթներ կվերականգնի Սամցխե-Ջավախքում եւ Ախալցխայում, ինչպես նաեւ Քոբուլեթիի շրջանում եւ կվերականգնի Բաթումիում թուրքական բաղնիքը։

No comments: