«ԱԶԳ», 10-02-2011- Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է հերթական զեկույցը: Այն կոչվում է «Ադրբեջան եւ Հայաստան. պատերազմի կանխումը»: Զարմանալի է, որ ՄՃԽ-ն «պատերազմի եւ խաղաղության» խնդիրը դիտարկել է բացառապես Ադրբեջանի եւ Հայաստանի կտրվածքով, երբ կա հակամարտության երրորդ կողմ` ԼՂ-ն, կայացած պետություն, որի դիրքորոշումն, ի վերջո, կարող է բախտորոշ լինել:Միայն այս փաստը բավական է, որ ՄՃԽ-ն կորցնի «անկողմնակալ վերլուծաբանական հաստատության» համարումը եւ ընկալվի իբրեւ քաղաքականացված կառույց, որը որոշակի շահեր է սպասարկում:
Դիտարժան է նաեւ այն հանգամանքը, որ ՄՃԽ եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրայզերը, որը նախկինում գլխավորել է կովկասյան ուղղությունը, անդրադառնալով զեկույցին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է. «Բանակցություններում առաջընթացի բացակայությունը մեծացնում է ամեն պահի պատահական պատերազմի կամ տոտալ հարձակողական գործողությունների հավանականությունն առաջիկա տարիներին: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան եւ Եվրոպական միությունը պետք է նման սցենարի կանխումը համարեն բացառիկ առաջնահերթ խնդիր»:
Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը` ի դեմս Ֆրանսիայի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով միջնորդություն են իրականացնում` նպատակ ունենալով հասնել խաղաղ կարգավորման: ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներն արդեն երկու անգամ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ մասնակիորեն գաղտնազերծել ղարաբաղյան կարգավորման հայեցակարգը` սկզբունքների եւ մի քանի տարրերի մասով, ինչպես նաեւ բանակցող կողմերին կոչ են արել հաղթահարել առկա տարաձայնությունները եւ ձեռնամուխ լինել խաղաղության համապարփակ պայմանագրի մշակման աշխատանքներին:
Այդ գործընթացներում Թուրքիան պաշտոնապես ներգրավված չէ: Ճիշտ է, Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բայց բոլորի համար էլ կարծես ակնհայտ է, որ ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խորհրդաժողով հազիվ թե գումարվելու լինի: Պատճառն այն է, որ այդ խորհրդաժողովը ծրագրվում էր հրավիրել, որպեսզի որոշվի ԼՂ միջազգայնորեն ընդունելի կարգավիճակը, բայց այսօր այդ մասին ոչ ոք չի խոսում: Բացի դրանից էլ, ՄԽ անդամ են նաեւ մի շարք այլ երկրներ, թեկուզ եւ Բելառուսը, բայց ՄՃԽ եվրոպական ծրագրերի տնօրենը ՄԽ համանախագահների եւ Թուրքիայի համար «նման սցենարի կանխումը բացառիկ առաջնահերթ խնդիր» է համարել:
Այս կերպ ՄՃԽ-ն ընդունել եւ կարեւորել է Թուրքիայի կամ ներգրավվածությունը միջնորդական ջանքերում, կամ խիստ շահագրգռվածությունը, կամ հակամարտության կողմ լինելը:
Թուրքիան կողմերի միջեւ միջնորդություն չի իրականացնում: Բայց Թուրքիան շահագրգռված է ղարաբաղյան կարգավորմամբ` որպես Ադրբեջանի մերձավորագույն դաշնակից: Ուստի նրան ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության հետ նույն շարքում դասել չի կարելի: Կամ, հակառակ տրամաբանությամբ, պիտի ընդունել, որ պաշտոնական միջնորդ երկրներից առնվազն մեկն էլ կարգավորման գործընթացում առավել մոտ է Հայաստանին, ինչը իրականության հետ կապ չունի:
Թերեւս կարելի է ենթադրել, որ Թուրքիային նշելով միջնորդների շարքում, ՄՃԽ-ն ուղղակի այդ երկրի վրա պատասխանատվությո՞ւն է դրել: Այսինքն` «պատերազմի կանխումը ոչ միայն համանախագահ երկրների, այլեւ Թուրքիայի պարտքն է»:
Բայց դա էլ իր հերթին նշանակում է, որ ՄՃԽ-ն ընդունում է, որ Թուրքիան կարող է նաեւ պատերազմ սադրել: Առնվազն` հովանավորել, որպեսզի Ադրբեջանը «պատերազմ սկսի»: Այսինքն, ՄՃԽ-ն հրապարակայնացրել է այն, ինչ ենթադրելի էր: Եվ գուցե դրանով իսկ ՄՃԽ-ն նաեւ բացահայտել է Թուրքիայի հավակնությունները:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment