Wednesday, February 23, 2011

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՊԱՀԸ

«Լրագիր» 22-2-2011- Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրություններից առաջ ինքն էր շատ պաշտոնյաների խորհուրդ տվել մտնել ՀՀԿ եւ ուժեղացնել այդ կուսակցությունը, շատ ՀՀԿ-ականներ սկսեցին նրան կշտամբել` իհարկե ոչ ուղղակի, այդպիսի դատողություններ անելու համար եւ հայտարարեցին, որ ոչ թե Քոչարյանն է իրենց պահել, այլ իրենք են պահել Քոչարյանին:
Ուշագրավն այն էր, որ ՀՀԿ-ից այդպես էլ չեղավ մեկը, որ փորձեր որեւէ խոսքով աջակցել Քոչարյանին, որ փորձեր հաստատել նրա խոսքերը: Որեւէ մեկն այն մարդկանցից, ովքեր Քոչարյանի հորդորով կամ խորհրդով էին մտել ՀՀԿ, տեղից չելավ եւ չփորձեց սատարել Քոչարյանին: Այդ հանգամանքը հետաքրքրական է թե մարդկային, թե քաղաքական տեսանկյունից:

Մարդկային առումով, թեեւ նրանք Քոչարյանի շնորհիվ էին ՀՀԿ-ում, բայց փաստորեն երես թեքեցին Քոչարյանից եւ վախեցան ռիսկի ենթարկել ՀՀԿ-ում իրենց հանգստությունն ու բարօրությունը: Բայց, մյուս կողմից էլ, եթե փորձենք դատել նրանց տրամաբանությամբ, նրանց հանդեպ անմարդկային էր Քոչարյանի արածը. Լավ, ժամանակին ինչ-ինչ մտադրություններից ելնելով Քոչարյանն այդ մարդկանց “ներդրել” է ՀՀԿ, բայց ինչու է հիմա փորձում նրանց ռիսկի ենթարկել: Չէ որ այդ մարդիկ մեղավոր չեն, որ Քոչարյանը չկարողացավ ՀՀԿ-ն մինչեւ վերջ պահել իր ենթակայության տակ եւ ՀՀԿ-ին պարտադրել սեփական ծրագրերը:

Բայց գուցե այդ մարդիկ են մեղավոր: Գուցե հենց նրանք են ձախողել “առաջադրանքը”, որ տվել էր Քոչարյանը նրանց ՀՀԿ-ում “ներդնելիս”: Կամ ոչ թե ձախողել են, այլ մոռացել, ու դրա համար էլ Քոչարյանը հիշեցնում էր նրանց այդ մասին` որ հարգելիներս, դուք մոռացել եք, թե ինչի համար եք այդտեղ:

Ամեն ինչ թերեւս կախված կլինի այն բանից, թե արդյոք մոռացությունը եղել է գիտակցված, թե ակամա: Եթե եղել է գիտակցված, ապա ինչքան էլ Քոչարյանը հիշեցնի նրանց մոռացված “առաջադրանքը”, միեւնույն է, նրանք չեն “հիշի”, իսկ նրանց վրա ազդելու լծակ էլ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե չունի: Իսկ եթե մոռացությունը եղել է ակամա, ապա չի բացառվում, որ առաջիկայում նրանց “հիշողությունը” լրիվ կթարմանա, ինչն անկասկած ենթադրում է նաեւ ներիշխանական ինտրիգների լուրջ թարմացում:

Միգուցե հենց դրա համար էլ նրանցից որեւէ մեկը “ոտքի չելավ” ու չփորձեց սատարել Ռոբերտ Քոչարյանին, ինքզինքը չմատնելու համար: Ի վերջո, Քոչարյանը մեկ անգամ չէ, որ կամովին հանձնել է նախաձեռնությունն այլոց, գերադասելով սպասողի եւ դիտորդի կարգավիճակը: Նա գուցե այս անգամ էլ այդ մարդկանց հորդորել է, ինչպես հորդորել էր մտնել ՀՀԿ, որ հիմա կարիք չկա “մունդիրի պատիվը” պահելու, քանի որ հիմա ավելի կարեւոր է չբացահայտվել, մինչեւ գա անհրաժեշտ եւ հարմար պահը:

Թեեւ, մյուս կողմից, եթե այդ մարտավարությունը նախկինում իրեն արդարացրել է եւ “պահը” չի ուշացել, դա դեռ երաշխիք չէ, որ այս անգամ էլ այն գալու է ճիշտ ժամանակին: Ի վերջո, կյանքն առաջ է ընթանում, ժամանակը փոխվում է, փոխվում է շրջապատը, նոր բաներ են ի հայտ գալիս, շուրջը դառնում է անճանաչելի, ու “պահը” պարզապես կարող է չգտնել ճանապարհը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: