Thursday, February 3, 2011

ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ ԲԱՑՈՒՄ ԵՆ

«ԱԶԳ, 03-02-2011- Արդեն կարելի է չկասկածել` երբ տարեմուտի գիշերն Իլհամ Ալիեւն իրեն հռչակում էր «ամբողջ աշխարհի ադրբեջանցիների առաջնորդ», նա կատարում էր գիտակցական ընտրություն:
Իհարկե, դրանից չի հետեւում, թե նա անձամբ հավատում է այդ տեսլականին: Ադրբեջանի նախագահն ընդամենը խնդիր ուներ Իրանի հետ հարաբերությունները սրել: Բնականաբար, ողջախոհ քաղաքական գործիչն իրեն նման շռայլություն չպետք է թույլ տար, բայց ո՞վ է ասել, որ օրինաչափությունից բացառություններ չեն լինում: Իլհամ Ալիեւը հենց այդ բացառությունն է: Թեեւ, հարկ է խոստովանել, դժվար թե նա առանց «արտաքին ազդակների» համարձակվեր անհանգստություն պատճառել Իրանի նման հարեւանին:
Եվ սակայն վիճակը կարծես նետված է: Այդպիսի ենթադրություն անելու համար հիմք են հանդիսանում տեղեկատվական «փոխհրաձգությունները», որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նվազում, այլ, հակառակը, ուժգնանում են: Ազերի լեզվով հեռարձակող «Սահար» իրանական հեռուստատեսությունն Իլհամ Ալիեւի ռեժիմն անվանել է «սիոնիստական»: Ադրբեջանական կողմն իր հերթին Իրանի իշխանությունը համարում է «մոլլապետություն»:
Ընդ որում, Բաքվում չեն խորշում իրանական կողմին մեղադրել «իսլամական համերաշխությունը չհարգելու» մեջ: Բանը հասել է նրան, որ ադրբեջանական քարոզչամիջոցները բացահայտ խոսում են, որ «Իրանը չի միացել երկու մահմեդական եղբայրների` Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը, որը նրան կհասցներ կործանման եզրին»:
Նման փորձեր արվե՞լ են: Պարզվում է` այո: Այն էլ` ամենաբարձր մակարդակով: Ինչպես գրել է 1news.az-ի մեկնաբան Ռաշիդ Աբդուլլաեւը, Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ Հեյդար Ալիեւը խնդրել է, որ Թեհրանը «դատապարտի Հայաստանի քաղաքականությունը», ինչին նախագահ Խաթամին պատասխանել է . «Հայաստանն Իսրայելը չէ, ոչ էլ ադրբեջանցիները` պաղեստինցիներ»:
«Համազգային առաջնորդի» դիվանագիտական խայտառակության մասին հազիվ թե այսքան բաց խոսք ասվեր, եթե չլիներ իշխանությունների թույլտվությունը: Իսկ դա նշանակում է, որ վերջիններս կարող են գնալ նաեւ այլ բացահայտումների: Ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:
Ըստ երեւույթին, Բաքուն մտադիր է իսլամական աշխարհում Իրանի հեղինակությանը լուրջ վնաս հասցնել: Հնարավոր է, որ դա ինչ-որ հեռահար նպատակներ հետապնդող քարոզչություն է: Ադրբեջանական կողմը թերեւս կատարում է որեւէ արտաքին ուժի պատվեր, բայց, միաժամանակ, ինչքան խորանում է Իրանի հետ գաղափարական դիմակայությունը, այնքան հասկանալի է դառնում, որ բուն հակասությունն ավելի արմատական է:
Հիշյալ մեկնաբանը մասնավորապես չի թաքցնում, որ Իրանը «դեմ է Ադրբեջանի հզորացմանը` ելնելով իր ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության շահերից»:
Ստացվում է, որ նա կամա թե ակամա խոստովանում է, որ Ադրբեջանն Իրանի հանդեպ տարածքային հավակնություններ ունի: Եվ դրանք կարող են մի օր ավելի առարկայական ներկայացվել:
Պահանջ թե ցանկություն, բայց գաղափարն արդեն ձեւակերպված է: «Աշխարհի բոլոր ադրբեջանցիների համերաշխության օրը», որ սահմանվել է դեռեւս ԱԺՃ իշխանության տարիներին եւ հազվագյուտներից է, որ Հեյդար Ալիեւի կողմից չի վերացվել` որպես Էլչիբեյից մնացած ժառանգություն, Ադրբեջանում պաշտոնապես նշվում է «բաժանված հայրենիքի միավորման» ակնհայտ քարոզչությամբ:
Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ «տոն օր» ընտրվել է դեկտեմբերի 31-ը: 1989թ. հենց այդ օրն են քանդվել իրանա-խորհրդային սահմանի ադրբեջանական հատվածի բոլոր ինժեներական կառույցները, եւ տեղի է ունեցել մարդկանց զանգվածային հոսք դեպի Իրան` հատկապես Նախիջեւանում: Եվ եթե նույն օրն Իլհամ Ալիեւը հանդես է գալիս որպես «աշխարհի բոլոր ադրբեջանցիների առաջնորդ», ապա բնական է, որ իրանական կողմը դա ընկալում է իբրեւ իր հասցեին սպառնալիք:
Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը պարզապես դավագրգռում է Իրանին` վերջինիս մղելով «անհավասարակշիռ» քայլերի, որոնք կարող են առիթ դառնալ արտաքին ուժերի միջամտության: Ոչինչ բացառելի չէ: Ակնհայտ է մի բան. երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրների գոնե տեղեկատվական մակարդակի բացահայտումներն սկսված են: Հատկապես` Բաքվից: Իսկ դա ինչ-որ բան նշանակում է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: