Thursday, February 3, 2011

Սփյուռքին ներգրավելու համար պետք է զարգացնել տնտեսությունը. քաղաքագետ

Tert.am. 2-2-2011- «Սահմանադրության 63-րդ հոդվածը նշում է, որ Հանրապետության օրենսդիր իշխանությունը պատկանում է Ազգային ժողովին, որը կազմված է 131 պատգամավորներից, բայց նշված չէ կառուցվածքը` մեկ պալատանի, թե երկպալատանի »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով ՀՀ սփյուռքի նախարարի՝ Կալիֆոռնիայում արած հայտարարությունը։ Նա նշեց, որ մյուս կողմից այս գաղափարը հակասում է Սահմանադրության 64-րդ հոդվածին, ըստ որի` ԱԺ պատգամավոր դառնալու համար անձը պետք է 5 տարի բնակվի Հայաստանում: Իսկ երկպալատանի ԱԺ-ի գաղափարի համաձայն` վերին պալատում պետք է լինեն սփյուռքի ներկայացուցիչներ, որոնցից շատերը Հայաստանում չեն էլ եղել:
Նա նշեց, որ շատ դժվար է գտնել ունիտար կառուցվածք ունեցող պետություն, որի բնակչությունը չի գերազանցում 3 մլն, որը չունի լուրջ ջրբաժաններ և որը կունենա երկպալատանի խորհրդարան:
«Երկպալատանոց խորհրդարանները սովորաբար իրականացնում են շատ հստակ քաղաքական գործառույթներ, երբ կարիք կա ապահովել որոշակի ներկայացուցչություն այս կամ այն փոքրամասնությունների, այս կամ այն շահերի կամ այս կամ այն դաշնության ներկայացուցիչների համար: Եթե խոսքը գնում է երկպալատանոց խորհրդարանի մասին, որտեղ ներկայացուցչություն է ապահովվելու սփյուռքի ներկայացուցիչների համար, անհրաժեշտ է մտածել այն ֆունկցիոնալ դաշտը, որի շրջանակում գործելու է Վերին պալատը: Կարող ենք ենթադրել, որ այն կունենա հավաքագրման ինչ-որ գործառույթ, ներկայացուցչական, կոնսուլտատիվ գործառույթ, և այս ամենը հանդես կգա այն հարցերի շուրջ, որոնք գուցե կարող են ունենալ համահայկական բնույթ, կանդրադառնան «հայկական աշխարհ» գաղափարին»,- ասաց Մարկարովը:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ ինքը չգիտի մի երկիր, որտեղ վերին պալատի ներկայացուցիչը լինի ոչ այդ պետության քաղաքացի:
«Այդպիսի փորձ չկա, և կարծում եմ, որ դրանք էմոցիոնալ խոսակցություններ են: Մենք մեծ սփյուռք ունեցող ազգ ենք, ուզում ենք այն մաքսիմալ սերտ ինտեգրվի Հայաստանի հետ: Իսկապես, պետք է մտածենք այդ մասին, քանի որ դրանից Հայաստանը միայն կշահի: Բայց ճանապահները պետք է այլ լինեն: Սրանք սիրողական մակարդակի խոսակցություններ են: Դրանից սփյուռքը ավելի ներգրավված չի լինի»,- ասաց Բոզոյանը:
Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ սփյուռքին ներգրավելու համար պետք է զարգացնել տնտեսությունը, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելը լինի շահավետ: Եվ այդ դեպքում, ըստ բանախոսի, ոչ մի սփյուռքի նախարարության կարիք չի լինի:

No comments: