Saturday, February 12, 2011

Դավութօղլուն Twitter–ում արձագանքել է Մուբարաքի հրաժարականին

Tert.am. 12-2-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Twitter սոցիալական ցանցում արձագանքել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին։ Այս մասին տեղեկացնում է Haberturk–ը։
«Եգիպտոսի ժողովրդին մաղթում եմ հաջողություններ։ Եգիպտոսն ուժեղ պետություն է, և հուսով ենք, որ ձևավորվելիք նոր համակարգը հաշվի կառնի ժողովրդի պահանջները»,– Twitter–ում գրել է Դավութօղլուն։
Մուբարաքի հրաժարականի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի կառավարությունը։
«Թուրքիան Եգիպտոսում ծայր առած զանգվածային ցույցերի առաջին իսկ օրվանից աջակցել է Եգիպտոսի ժողովրդի՝ ժողովրդավարության և ազատության լեգիտիմ պահանջներին։ Հուսով ենք, որ Եգիպտոսում կարճ ժամանակամիջոցում կանցկացվեն ազատ և արդար ընտրություններ, ինչի արդյունքում կձևավորվեն նոր իշխանությունները, և Եգիպտոսում անցում կկատարվի ժողովրդի կամքով ձևավորվելիք սահմանադրական ժողովրդավարության։
Մենք հավատացած ենք, որ Եգիպտոսն այդ զարգացումներից դուրս է գալու ավելի ուժեղացած։ Թուրքիան, ինչպես եղել է մինչև հիմա, շարունակելու է աջակցել բարեկամ Եգիպտոսին ու նրա եղբայրական ժողովրդին»,– նշվում է թուրքական կառավարության հայտարարությունում։

No comments: