Wednesday, February 9, 2011

Հայաստանը թրաֆիքինգի համար վտանգավոր երկիր չէ. Գլխավոր դատախազությունը պատասխանում է Wikileaks–ի հրապարակումներին

ՀՀ գլխավոր դատախազությունը համամիտ չէ Ռուսաստանում Wikileaks–ի պաշտոնական գործընկեր rusrep.ru կայքի հրապարակած գաղտնի փաստաթղթերում տեղ գտած տեղեկատվության հետ, ըստ որի՝ Հայաստանում թրաֆիքինգի և մարմնավաճառության դեմ պատշաճ պայքար չի տարվում։ «Գլխավոր դատախազության աշխատանքի արդյուքնում՝ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում Հայաստանը վերահսկողության երրորդ խմբից տեղափոխվեց 2-րդ խումբ, այսինքն՝ թրաֆիքինգի մասով վտանգավորության աստիճանը նվազել է»,- Tert.am-ին ասացին գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե իրականում իրավապահները Հայաստանում նպաստում են մարմնավաճառության տարածմանը՝ դատախազությունից ասացին. «Ժամանակին գլխավոր դատախազի կողմից ծառայողական քննություն է անցկացվել, այդ տեղեկությունները չեն հաստատվել»։
rusrep.ru կայքի հրապարակման համաձայն՝ ամերիկացի դիվանագետները «հայկական գործին» վերաբերող փաստաթղթերում իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում տիրող գործազրկության
սարսափելի մակարդակի վերաբերյալ, ինչը բազմաթիվ կանանց դրդում է զբաղվել մարմնավաճառությամբ։

No comments: