
«ԱԶԳ», 18-03-2011- 1921 թվականին Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված բարեկամության եւ եղբայրության պայմանագրով Նախիջեւանը հանձնվել է Ադրբեջանին, իսկ Կարսը եւ Սուրմալուն` Թուրքիային: Այդ պայմանագիրն ուրվագծել է ներկայիս հայ-թուրքական սահմանը` Թուրքիային փոխանցելով նաեւ Արարատ լեռը:
Երեկ պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ տված ասուլիսում անդրադարձ է արել այդ պայմանագրին, հիշել, որ մարտի 16-ին լրացել է այդ պայմանագրի 90-ամյակը, կարեւորել այդ պայմանագիրը, նրանով բոլշեւիկյան Ռուսաստանից ստացած ֆինանսական օգնությունը: Իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նախագահը ձայն չի հանել, միայն ասել է, որ ավելացնելու բան չունի Էրդողանի ասածին: Թուրքիայի վարչապետը Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը:
«Անկարան համոզված է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը նպաստելու է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը», ասել է Էրդողանն ըստ «Ազատություն» ռադիոկայանի` հավելելով, թե բարձր է գնահատում թե՛ Ռուսաստանի, թե՛ ընդհանրապես Մինսկի խմբի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
Մեր կարծիքով` հայկական կողմը որեւէ պետական կառույցի մակարդակով հարկ է, որ հայտարարություն անի, թե չէ դուրս է գալիս, որ այս պայմանագիրը Մեդվեդեւ-Էրդողան մակարդակով թարմացվեց, քանի որ Էրդողանը նաեւ Մեդվեդեւին է նվիրել այդ պայմանագրի պատճենը, այդ թեմայով դրոշմանիշ: Դուրս է գալիս, որ Էրդողանը հատուկ Մոսկվա էր մեկնել` հայ ժողովրդի համար այդքան բացասական պայմանագրի 90-ամյակը նշելու, իսկ մենք ծպտուն չենք հանում:
No comments:
Post a Comment