Saturday, March 26, 2011

ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 61.6 ՏՈԿՈՍԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ԱԶԳ», 26-03-2011- Երեւանի ոստիկանապետը Թամամյանի գործով հարցաքննվել է
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը որպես վկա հարցաքննվել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Այդ չարաբաստիկ քրեական գործի շրջանակներում երեկ չէ առաջին օրը հրավիրվել եմ հատուկ քննչական ծառայություն` վկայի կարգավիճակով: Ինձ լսել են, ինչ բացատրություն պետք է եղել, ես տվել եմ: Իսկ ինչո՞ւ չպետք է բացատրություն տայի, եւ բոլորը, ովքեր եղել են դեպքի վայրում, մասնակցել են այդ գործի ընթացքին եւ ղեկավարմանը, պարտադիր բոլորին լսում են»:
Հովհաննես Թամամյանը կալանավորվել է հինգշաբթի երեկոյան: Նրան ներկայացվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք: Նազարյանը գործի ընթացքից այլ մանրամասներ չհայտնեց` շեշտելով, որ նախաքննությունը շարունակվում է: Միայն հավելեց, որ չարաշահումներին որեւէ առնչություն չի ունեցել: Նա հերքեց լուրերը, թե ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարազդատ Ադամյանը իր ցուցմունքներում, բացի Թամամյանից, իր անունն էլ է տվել: «Աստված հեռու պահի նման բաներից: Երեւան քաղաքի ոստիկանության պետը նման դեպքերին որեւէ առնչություն չունի: 7 տարի իրար հետ աշխատում ենք, դուք չեք լսել, որ մասնակից լինեմ նման որեւէ հնչեղություն ունեցող քրեական գործերի կամ ինչ-որ օրինազանցությունների»:
Նազարյանն ասաց, որ առաջիկայում կբացվեն ու կվերանայվեն Թամամյանի հետ կապված այլ գործեր: Ըստ շրջանառվող լուրերիՙ Թամամյանի անվան հետ է կապվում նաեւ Լեւոն Գուլյանի մահը: Ոստիկանության վարկածով` պատուհանից ցած էր նետվել, իսկ հարազատերի վարկածով` սպանվել ոստիկանությունում:
Անդրադառնալով մայրաքաղաքում հանցագործություններինՙ Նազարյանն ասաց, որ երկու ամսվա ընթացքում արձանագրվել է հանցագործությունների ընդհանուր թվի նվազում` 11 դեպքով: 26 դեպքով նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված հանցագործությունները: Ծանր հանցադեպերի քանակն աճել է 23-ով, իսկ առանձնապես ծանրերը նվազել են 6-ով:

Երեւանի ոստիկանապետի փոխանցմամբ` հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 56.8 տոկոսը գրանցվել է մայրաքաղաքում, այդ թվում` ծանր դեպքերի 61.6 տոկոսը: Ըստ հանցատեսակների էապես նվազել են անձի եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Ընթացիկ տարին սկսել են դեպքերի բացահայտման աճով: Աճել են ծանր եւ առաձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները: Հունվար-փետրվար ամիսներին Երեւանում հայտնաբերվել ու մեկուսացվել է 22 հանցավոր խումբ` 14 աձով:
Անդրադառնալով Ազատության հրապարակում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկաններն ուժով արգելել են «Ժառանգության» անդամներին անժամկետ հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հանգստի համար վրան տեղադրել, ոստիկանության գեներալ-մայորն ասաց.
«Ծածկը պատառոտել չի եղել, պատառոտել հասկացությունն ի՞նչ է նշանակում, թույլ չեն տվել վրան տեղադրել, հանել են, դրել մի կողմ»:
Նազարյանը փաստեց, որ վրանի տեղադրման արգելման համար որեւէ օրենսդրական հիմք չի եղել: «Իմ հրամանով թույլ չեն տվել տեղադրել, իմ հրահանգով թույլ չեն տվել դնել, որ նախադեպ չդառնա»:
Անդրադառնալով մարտի 3-ին կառավարության շենքի դիմաց «Ժառանգության» պատգամավորների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին, Նազարյանն ասաց, որ պատգամավորին իրավունք տրված չէ վիրավորելու ու լկտի արտահայտություններ հնչեցնելու ոստիկանների հասցեին:
«Ոչ մեկի թույլ չեմ տա վիրավորել ոստիկաններին: Ո՛չ Սամսոն Խաչատրյանին թույլ կտամ իր բռունցքները գործածել, ո՛չ էլ շրջանից եկած կանանցՙ անիծել ոստիկաններին: Նույն Զարուհի Փոստանջյանը կես մետրից հեռախոսով նկարում է, սադրում: Ինչքան նկար պետք է, թող Շամշյանից վերցնի: Բայց ոչ մեկ չի ասումՙ այ տիկին, էս ի՞նչ ես անում»: Ներսես Նազարյանի գնահատմամբ` իրենք ավելի լավ են լեզու գտնում ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ, քանՙ «Ժառանգության» պատգամավորների:
Նազարյանն ասաց, որ տեղի ունեցած միջադեպերից հետո որոշում է կայացվել, որ այսուհետեւ ոստիկանների եւ ժողովրդի միջեւ շփում չի լինելու:
Հասարակական կարգի պահպանման նպատակով Կենտրոն համայնքի հասարակական վայրերում միչեւ այս տարվա առաջին կիսամյակի ավարտը նախատեսվում է տեսադիտական համակարգեր տեղադրել: Սկզբնական շրջանում նախատեսվում է տեսախցիկների տեղադրում 10 հասարակական վայրերում` Ազատության հրապարակ, Ազնավուրի հրապարակ, Մատենադարանին հարող տարածք: Երեւանի ոստիկանապետի գնահատմամբ` տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի ավելի շուտ բացահայտել կողոպուտի, խուլիգանության, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը: Դեռեւս հայտնի չէ, թե քանի տեսախցիկ կտեղադրվի: Նազարյանի համոզմամբ` որքան շատ տեղադրվի, «այնքան մեր օգուտն է»: Նա վստահեցնում է, որ տեսախցիկների ֆիքսած կադրերը չեն մոնտաժելու, ու առաջարկում է վստահել միմյանց:
Այսօր կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղը դիտելու եկած երկրպագուներին էլ, մինչ մարզադաշտ մտելը, կստուգեն` արդյոք ալկոհոլ օգտագործե՞լ են: «Հայ եւ ռուս երկրպագուների օգտագործած ալկոհոլի չափաքանակը կստուգվի հատուկ սարքերով: Դրա համար պարտադիր չէ նրանց խուզարկել: Պետք է այնպես անենք, որ մարդկանց չվիրավորենք, սակայն թույլ չտանք, որ միջոցառումը վերածվի անկարգության:
Ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու համար ՌԴ-ից Հայաստան է եկել մոտ 500 երկրպագու: Եվս 1000 երկրպագուի այցելություն էլ սպասվում է այսօր: «Ռուսաստանի հավաքականի երկրպագուներն աչքի են ընկնում իրենց արարքներով, չեմ ուզում ասելՙ վատ արարքներով, ամեն դեպքում երկրպագուներ են, հետեւաբար ՌԴ իրավապահների հետ համագործակցության ուղի ենք գտել: Մենք ձեռնարկելու ենք խիստ միջոցներ անկարգությունների դեպքում: Հյուրերը` հյուր, իսկ կարգուկանոնը` կարգուկանոն»:
Նազարյանն էլ է խաղին ներկա գտնվելու, կանխատեսում է Հայաստանի հավաքականի հաղթանակը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: