
Ի վերջո, դա էլ կարող է ձեւական բնույթ կրել: Հնարավոր է հավաքել մարդկանց, քննարկումներ կազմակերպել, բայց այդ ամենից որեւէ արդյունք դուրս չգա, որովհետեւ ամենակարեւոր փուլը թերեւս գեներացված մտքերի գործնականացման փուլն է: Իհարկե, ինքնին լավ է, որ կարող են լինել այնպիսի բաց ձեւաչափեր, որտեղ կհնչեն զինված ուժերի վերաբերյալ տարբեր առաջարկներ: Բայց մեղմ ասած ոչ պակաս կարեւոր է, որ այդ առաջարկներն ադեկվատ վերաբերմունքի արժանանան պաշտպանության նախարարությունում եւ բանակի հրամկազմում: Այդ առումով կա թերեւս երկու կարեւոր հարց. արդյոք այդ օղակում կա բարեփոխման իրական ցանկություն, արդյոք այդ օղակում կա բարեփոխումների ինտելեկտուալ պոտենցիալ: Իսկ այդ հարցերից ամենագլխավորն էլ այն է, թե արդյոք զինուժի բարեփոխման, արդիականացման իրական եւ անկեղծ ցանկություն կա Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ:
Չէ որ քննարկումները, բանավեճերն ու համանման ձեւաչափերը շատ հաճախ կարող են ընդամենը լինել որպես այդօրինակ ցանկությունների իմիտացիա: Իսկ որ բանակի բարեփոխման, արդիականացման հարցում մինչ այժմ հիմնականում գերիշխել են իմիտացիաները, թերեւս անվիճելի է: Իսկ վառ օրինակը Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերության տիրույթն է: Գաղտնիք չէ, որ բանակ-հասարակություն փոխհարաբերության ամենաարդիական մոդելը գտել են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում: Խոսքն իհարկե իդեալականի մասին չէ, բայց ամենաարդիականը թերեւս աներկբա կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում տիրող իրավիճակը: Զինուժը հասարակության առաջ առավելագույնս հաշվետու է հենց այդ երկրներում: Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ոչ թե բանակն է հասարակությանը կառավարում, ոչ թե բանակի բարձրագույն հրամկազմն է հասարակությանը իր կանոնները թելադրում, այլ հասարակությունն է կառավարում բանակը, բարձրաստիճան հրամկազմին: Կրկին, այդ ամենը բացարձակացնելու կարիք չկա, այդ ամենն իդեալականացնելու կարիք չկա: Խոսքը սկզբունքների եւ արժեքների մասին է, որոնք բանակում` նախ եւ առաջ բանակային հրամկազմում, ձեւավորում են բոլորովին այլ մտածողություն: Այստեղ առանցքայինն այն է, որ այդ մտածողության հիմքում ընկած են լինում քաղաքացիական արժեքները: Եվ այդժամ որքան էլ զինվորական հոգեբանությունը փոխում է ընկալումները, հիմքն այդուհանդերձ մնում է քաղաքացիական, ինչը հնարավորություն է տալիս խուսափել բանակ-հասարակություն հակադրությունից: Հասարակությունն այդ դեպքում բանակն ընկալում է որպես իր օրգանական շարունակություն, ոչ թե պարտադիր ու անխուսափելի մի գոյացություն, որի գոյության հետ պետք է հաշտվել:
Հայաստանը տարիներ շարունակ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, երկկողմ ռազմական գործակցություն ունի ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրների հետ: Իրականացվում են համատեղ ծրագրեր, որոնք ուղղված են բանակի կառուցվածքային փոփոխությունների, բանակային կյանքի արդիականացմանը: Այդ ամենն ունի ավելի քան տասը տարվա պատմություն, սակայն դժվար է ասել, թե բանակ-հասարակություն փոխհարաբերության մոդելավորման առումով Հայաստանը քանի քայլ է հեռացել խորհրդա-ռուսական պատկերացումներից: Իսկ այդ պատկերացումներում բանակը ոչ թե հասարակության օրգանական շարունակությունն է, այլ մի “հրեշ”, որին հասարակությունը պարտավոր է պարբերաբար սնել, որ այդ հրեշը ոչ թե իր վրա հարձակվի, այլ թշնամիների:
Պատահական չէ, որ հենց այդ միջավայրում է այսօր արդիական եւ հիշարժան հայտնի արտահայտությունը, թե “ով չի կերակրում սեփական բանակը, նա կկերակրի թշնամու բանակը”: Մինչդեռ արդիական հասարակություններում բանակ սնելու հարցը կարծես թե այլեւս ունի բոլորովին այլ շեշտադրում` բանակը պետական մի ֆունկցիա է, ինչպես պետական կառավարման այլ օղակներ, որին հասարակությունը լիազորություններ է պատվիրակում եւ վճարում դրա համար, իրեն վերապահելով այդ օղակի գործունեության վերահսկման եւ գնահատման իրավասությունը: Ահա թե ինչու զարգացած երկրներում, որոնց զգալի մասն այսօր հենց ՆԱՏՕ անդամ է, բանակային, ռազմական խնդիրները վաղուց ի վեր քաղաքական բանավեճերի, քաղաքական մրցակցության օրակարգային հարցեր են, ոչ թե սրբազան տաբու:
Իսկ Հայաստանում, օրինակ, թեեւ պաշտպանության նախարարը համարվում է քաղաքական պաշտոն, քաղաքական դեմք, այդուհանդերձ դժվար է հիշել, թե նույնիսկ ընտրական փուլերում բանակային թեմաներով ինչ բանավեճեր ու քննարկումներ են լինում, բանակային մոդելավորման ինչ առաջարկներ են ներկայացվում հասարակությանը: Չէ որ ցանկացած ոլորտում առաջընթացը հնարավոր է միայն մրցակցության պայմաններում: Որեւէ երկրի բանակ կարող է արդիականանալ միայն այն պարագայում, երբ քաղաքական ուժերը մրցակցեն նաեւ բանակի հանդեպ քաղաքական պատասխանատվության հարցում:
Ահա, տարիներ շարունակ գործակցելով ՆԱՏՕ-ի հետ, տարբեր մակարդակի հանդիպումներ, շփումներ ունենալով, նախագահական, նախարարական եւ այլ փոխայցելություններ կազմակերպելով, համատեղ երկկողմ եւ բազմակողմ ծրագրեր իրականացնելով, Հայաստանն այդուհանդերձ որեւէ կերպ դեռ չի մոտեցել մտածողության այդ անկյունաքարին, ինչը պայմանավորված է կամ ցանկության բացակայությամբ` երբ ամեն ինչ ենթարկվում է բացառապես իմիտացիաներին, կամ էլ ինտելեկտուալ կարողությունների բացակայությամբ, երբ ինչպես ժողովուրդն է ասում, ասվածը մի կողմից մտնում է, մյուս կողմից դուրս գալիս:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment