
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ քրդական կուսակցությունը վերջին պահին որոշել է Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պաշտպանել Արդվինում ծնված հայազգի Իսմեթ Շահինի թեկնածությունը։ BDP-ն հրաժարվել է պաշտպանել Հայկո Բաղդատի թեկնածությունը, որից հետո իրենց կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու առաջարկություն է արել Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքին: Վերջինս, սակայն, մերժել է այդ առաջարկը:
Արդվինցի Իսմեթ Շահինը նշել է, թե ծնվել է Արդվինի մի հայկական գյուղում եւ մինչ դպրոց գնալը թուրքերենին չի տիրապետել։ Նա շեշտել է, որ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն հայկական եկեղեցու հետ կապեր չունի։
Պատգամավորության հայ թեկնածուների շարքում նշվել է նաեւ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի անունը։ Radıkal-ի հետ զրույցում նա նշել է, թե սպասում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածության առաջարկին։ «Եթե պարոն վարչապետը ցանկություն հայտնի եւ առաջարկի, միշտ պատրաստ եմ կատարել այդ պարտականությունը»,-ասել է Շիրինօղլուն։
Բացի այդ, Radikal-ի հարցերին է պատասխանել իշխող կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության հայազգի թեկնածու Մելքոն Քարաքյոսեն՝ նշելով, ոչի կարծում, թե տարբեր կուսակցությունների կողմից ներկայացվող հայազգի թեկնածուների առաջադրումը կպառակտի հայ համայնքը։ «Երկու տարի է՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ եմ։ Այդ կուսակցությունը մեր համայնքի համար շատ բան է արել։ Հատկապես՝ հիմնադրամների մասին նոր օրենքի բարելավման մեջ մեծ ջանքեր է գործադրել», -ասել է հայազգի թեկնածուն։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունից ներկայացված հայազգի Արեւ Ջեբեջին նշել է, թե ընտրվելու դեպքում հայ համայնքում առկա խնդիրները կտեղափոխի թուրքական խորհրդարան։
Նշվում է նաեւ, որ 2007-ին խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության կողմից ներկայացված հայազգի Գեղամ Կարապետյանը կրկին առաջադրվելու է մոտ օրերին։
Նշենք, որ մոտ 50 տարի է՝ Թուրքիայում ազգությամբ հայ քաղաքացի չի անցել խորհրդարան։
No comments:
Post a Comment