Friday, March 18, 2011

Օդանավակայանին հարվածներ հասցնելու Ադրբեջանի հայտարարությունը դասական ահաբեկչության օրինակ է. ԼՂՀ նախագահի խոսնակ

Tert.am. 18-3-2011- Ստեփանակերտի օդանավակայանին հարվածներ հասցնելու Ադրբեջանի հայտարարությունը դասական ահաբեկչության օրինակ է։ Tert.am–ին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայանին հարվածներ հասցնելու մասին Ադրբեջանի հայտարարությունը։
Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանը սպառնում է հարվածներ հասցնել Լեռնային Ղարաբաղ ուղևորվող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը։ «Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է, և համաձայն «Ավիացիայի» մասին օրենքի՝ մենք կարող ենք վերացնել օդանավերը, որոնք ուղևորվում են այդ տարածաշրջան», - ասել էր Մամեդովը։
«Սա հիվանդ երևակայության և ոչ նորմալ մարդու կողմից արված հայտարարություն է, սա ներկայացնում է նացիստական Գերմանիայի կերպարը»,– ասաց Դավիթ Բաբայանը։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից նման ահաբեկչական հայտարարությունը արվում է այդ երկրի ամենաբարձր ղեկավարության հավանությամբ՝ հակառակ դեպքում «առանց Ալիևի ավիացիայի վարչության պետը նման բան չէր կարող հայտարարել»։

Արցախի նախագահի խոսնակը նշեց, որ տվյալ հայտարարությամբ Ադրբեջանը ցանկանում է տնտեսական սաբոտաժի ենթարկել Արցախին։ «Սա տնտեսական սաբոտաժի ենթարկելու փորձ է, քանի որ կարծում են նման հայտարարություններից հետո օդանավակայանից օգտվողների թիվը կքչանա, շատերը կվախենան և չեն օգտվի օդանավակայանից»,– ասաց նա։
Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սաբոտաժի փորձերն իրենց նպատակին չեն ծառայելու, քանի որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստակամ է շահագործման հանձնել և օգտագործել օդանավակայանը։

«Իսկ եթե իրենց կողմից նման բան անելու փորձ լինի, դա անպատասխան չի մնա։ Արցախը թույլ չի տա նման զարգացումներ»,– ընդգծեց Բաբայանը։

ԼՂՀ նախագահի խոսնակը նաև նշեց, որ նախատեսվում է Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնել մայիսի 9–ին։ «Կոնկրետ օր չենք ցանկանում նշել, բայց նախատեսում ենք շահագործման հանձնել մայիսի 9–ին։ Աշխատանքները համարյա ավարտվել են, մնացել է տեխնիկական սարքավորումները տեղադրելու խնդիրը լուծել»,– ասաց Դավիթ Բաբայանը։

No comments: