Monday, March 28, 2011

Թուրքիայում դատեցին Օրհան Փամուքին

Ստամբուլի Շիշլիի քաղաքացիական դատարանը բավարարել է Իրավաբանների միության նախկին նախագահ Քեմալ Քերինչսիզի և թուրք սպանված զինվորների մերձավորների կողմից Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի դեմ ներկայացված հայցը:
Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի փոխանցմամբ` դատարանի կայացրած որոշման համաձայն` հայտնի թուրք գրողը 6 հազար թուրքական լիրայի (մոտ 4000 ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարի Քեմալ Քերինչսիզին և սպանված զինվորների մերձավորներին` «ողջ թուրք ազգին մեղադրանք ներկայացնելու» և «անհատի իրավունքները ոտնահարելու» համար:
Թուրքիայում Օրհան Փամուքին սկսել էին քրեորեն հետապնդել 2005թ. ի վեր, այն բանից հետո, երբ գրողը շվեյցարական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիայում սպանվել են հայեր և քրդեր:
«Այս հողերում 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ է սպանվել: Թուրքիայում որևէ մեկը չի համարձակվում խոսել այդ մասին: Իսկ ես խոսում եմ»,- հայտարարել էր Փամուքը:
Թուրք գրողի այդ հայտարարությունից հետո Իրավաբանների միության նախկին նախագահ ծայրահեղ ազգայնական Քեմալ Քերինչսիզը, որ 2008թ. ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում, հայց էր ներկայացրել ընդդեմ Փամուքի: Սակայն Շիշլիի դատարանը 2009թ. մերժել էր այդ հայցը: Դատարանի որոշումը Քերինչսիզը բողոքարկել էր Վճռաբեկ դատարանում, որն էլ բավարարել էր նրա բողոքը և պահանջել դատական գործ սկսել Փամուքի դեմ:
Հիշեցնեք, որ վերջերս Օրհան Փամուքը, ով ներկայումս ապրում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում, Աթենքում լույս տեսնող Kathimerini պարբերականին տված հարցազրույցում վերահաստատել էր հայ և քուրդ ժողովուրդների վերաբերյալ տարիներ առաջ ասած իր խոսքերը: «Ես չեմ հրաժարվում հայերի և քրդերի վերաբերյալ ժամանակին արած իմ հայտարարություններից»,- ասել էր թուրք գրողը:

No comments: