Monday, March 28, 2011

Հայկական տուրօպերատոր. Տուրիզմը Լեռնային Ղարաբաղում բիզնես չէ, այլ առաքելություն

HayNews.am. 27-3-2011- Տուրիզմը Լեռնային Ղարաբաղում բիզնես չէ, այլ առաքելություն, համարում է հայաստանյան տուրիստական գործակալություններից մեկի տնօրեն Նելլի Մալխասյանը` խոսելով Արցախում զբոսաշրջության հեռանկարների մասին Ստեփանակերտի օդանավակայանի բացումից հետո: “Օդանավակայանի առաջիկա բացումը կարևոր է` անկախ ներդրումների վերադարձելիության ժամկետից”, – նշեց նա HayNews-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ օդանավակայանի վերակառուցումն ու կահավորումը նոր սարքավորումներով ընթանում է արդեն երկու տարի: Իր անդրանիկ չվերթը` Երևանից, օդանավակայանը պատրաստվում է սպասարկել այս տարվա մայիսի 9-ին: Անցյալ տարվա հուլիսի 27-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր ստեղծվեց քաղավացիայի վարչություն, որը գլխավորեց ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը: Ստեփանակերտում ընթացող պատրաստությունների մասին լուրերը ադրբեջանական կողմի վայնասունությունների նոր ալիք է առաջ բերել:
Արդյոք հնարավո՞ ր կլինի զբոսաշրջային փաթեթներ մշակել դեպի Արցախ, որոնք հասանելի կդառնան միջին եկամուտ ունեցող հայ ընտանիքի համար: «Մեր ընկերությունը ներկայումս ներքին զբոսաշրջիկներին չի սպասարկում, սակայն վստահաբար կարելի է ասել, որ զգալի խոչընդոտ է հանդիսանում 20% ԱԱՀ-ն, որով հարկվում է ներքին ուղևորությունների կազմակերպումը»: Ամեն դեպքում, նա անհրաժեշտ է համարում պետական դոտացիա` Լեռնային Ղարաբաղում տուրիզմ զարգացնելու համար: «Որպես հայ`ես խորապես համոզված եմ դոտացիայի անհրաժեշտության մեջ` ինչպես հայաստանցի հայերի, այնպես էլ արտասահմանցիների ուղևորությունների համար, որոնք իրենց վրա ռիսկ են վերցնում այցելել Ստեփանակերտ` չնայած շանտաժի դրսևորումերին և զգուշացումներին, որոնք հասցեագրվում են մեր գործընկեր արտասահմանյան գործակալություններին` այդ երկրներում Ադրբեջանի դեսպանների կողմից», – ավելացրեց Ն. Մալխասյանը:

No comments: