Thursday, March 24, 2011

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՂԱԿԱՆԸ

«Լրագիր» 24-3-2011- Սովետական մշակույթի վրա կառուցված Հայաստանի քաղաքականությունը նման է ոչ թե հանրային գործունեության, այլ ստվերային գործարքների կոնգլոմերատի: Միակուսակցական սովետական համակարգում, որտեղ կար ընդամենը մեկ շահ` Կոմկուսի միապետությունը, մնացած քաղաքական հարաբերությունները մղված էին ստվերային ոլորտ: Ավելին, սեփական քաղաքական շահի ցանկացած արտահայտում իսկույն պիտակավորվում էր որպես էգոիզմ կամ օպորտունիզմ: Մարդկանց գնդակահարել են միայն այն բանի համար, որ նրանք հրապարակավ խոսել են սեփական, այլ ոչ թե «կոլեկտիվ» շահի մասին:
Հայկական քաղաքականությունը հստակ հետեւում է այդ ավանդույթին: «Սա քաղաքական փիար է» արտահայտությունը հնչում է որպես ծանրագույն մեղադրանք, թեկուզ փիարը հանրային քաղաքականության ամենաբնական արտահայտությունն է: Ինչ վատ բան կա, երբ քաղաքական ուժը կամ անհատը ինչ-որ կրեատիվ ձեւ է գտնում արտահայտելու սեփական քաղաքական դիրքորոշումը, եթե այն չի հակասում այլոց իրավունքներին եւ ազատություններին:

Հայկական քաղաքական իսթեբլիշմենտի ռեակցիան խոսում է այն մասին, որ այն պատրաստ չէ ընկալել հանրային ակցիաները որպես քաղաքական քայլ եւ պարտադիր դրանց մեջ “կրիմինալ” է փնտրում: Ադեկվատ ընկալումների համար կամ պետք է ազատվել սովետական պատկերացումներից, կամ ծնվել նորմալ քաղաքական ավանդույթներ ունեցող երկրում:

Այս երեւույթն ակնհայտ դարձավ Րաֆֆի Հովվհանիսյանի հացադուլի կապակցությամբ, մի քաղաքական գործչի, որն ունի արեւմտյան դաստիարակություն եւ քաղաքականությունն ընկալում է` հասարակական աջակցություն ստանալով` սեփական նպատակներին հասնելը: Րաֆֆի Հովվհանիսյանին մեղադրում են «քաղաքական դիվիդենդներ» ստանալու մեջ: Բայց հարց է առաջանում` իսկ ինչով պիտի զբաղվի քաղաքական գործիչը, եթե ոչ դիվիդենդներ ստանալով: Նույնիսկ առասպելական հերոսներին էր պետք հասարակական աջակցություն` հերոսություն կատարելու համար: Իսկ ինչո՞վ պիտի զբաղվեն քաղաքական գործիչները` պայմանավորվեն թաղային հեղինակությունների, օլիգարխների, արտաքին ազդեցության գործակալների հետ: Հայաստանում հենց սա է համարվում քաղաքականություն:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: