Tuesday, March 29, 2011

Մարի Յովանովիչը այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Tert.am. 28-3-2011- Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը քաղաքավարական այց է կատարել Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ ավելացնելով, որ այցի ժամանակ դեսպանը հետաքրքրվել է Հովհաննիսյանի առողջությամբ։
«Սա առաջին դեսպանը չէ, որն այս ընթացքում այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նրան այս ընթացքում այցելել են մեր երկրում գտնվող մի շարք դեսպաններ, այդ թվում՝ Հայաստանում Գերմանիայի, Եվրամիության դեսպանները»,– ասաց Խուրշուդյանը։ Նա նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, դեսպան Յովանովիչը Հովհաննիսյանին հացադուլը դադարեցնելու կոչ չի արել։
«Քանի որ գիտի, որ հացադուլը Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական դիրքորոշման արդյունք է, նման կոչ, որքանով ինձ է հայտնի, չի հնչել»,– ասաց Խուրշուդյանը։
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ է անում արդեն 14 օր։

No comments: