Tert.am. 15-3-2011- Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը հանցագործության մասին երկրորդ հաղորդումն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ կապված մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրենք «պայքարելու են մինչև վերջ»։Մարտի 3-ին կառավարության շենքի մոտ բախում էր տեղի ունեցել մի կողմից ոստիկանների և մյուս կողմից «Ժառանգության» պատգամավորների ու բացօթյա առևտրի արգելքի որոշման դեմ բողոքողների միջև։
«Իրավական ընթացակարգերով գնում ենք։ Արդեն պաշտոնական երկրորդ հաղոդրումն ենք տալիս ՀՔԾ-ին, արդեն կոնկրետ, որ քրեական գործ հարուցվի մարտի 3-ի իրադարձությունների հետ կապված։ Ըստ հերթականության մենք շարունակելու ենք»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իրենց համար անհասկանալի պատճառներով մարտի 3-ին ՀՔԾ ներկայացրած հաղորդումը սահմանված տասնօրյա ժամկետում ի գիտություն չի ընդունվել։
Ըստ նրա՝ եթե երկրորդ հաղորդմանն էլ ընթացք չտրվի և դրա հիման վրա ոստիկանության գործողությունների վերաբերյալ քրգործ չհարուցվի, «Ժառանգությունը» դատական կարգով կվիճարկի այդ հարցը։
Անդրադառնալով կատարվածի վերաբերյալ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի տված մեկնաբանությանը՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Եթե իրավապահ մարմնի ղեկավարը սահմանադրական նորմը փորձում է ստորադասել կամ խախտել, կամ արդարացնել սահմանադրական նորմը ինչ-ինչ, սուտ չասեմ, բայց ոչ տվյալ պահին բնորոշ արժեքներով՝ նշելով, որ ոստիկանն արժանապատվություն ունի... ցանկացած մարդ արժանապատվություն ունի, բայց այստեղ խոսքը սահմանադրական նորմի մասին է։ Եթե սահմանադրական նորմի խախտում կա, մարդու իրավունքի, սահմանադրությամբ ամրագրված ազատ բողոքն արտահայտելու իրավունքի խախտում կա, ես կարծում եմ՝ որևէ մեկնաբանություն չկա։ Սա նշանակում է, որ ոստիկանապետը ուղղակի բավականին հեռու է իրավապահ մարմնի ղեկավար լինելուց։ Ինքն ընդհանրապես պետք է ոչ թե քաղաքական հայտարարություններ աներ, բարոյական հայտարարություններ, կեղծ բարոյական հայտարարություններ, այլ ինքը պետք է օրենքը պաշտպաներ»։
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր. «Մարտի 3-ին ոստիկաններն օրինաչափ են գործել, որևիցե խախտում չի եղել, և ես նրանց պաշտպանելու եմ իմ բոլոր հնարավորություններով և թույլ չեմ տա որևիցե մեկը, անկախ իր զբաղեցրած դիրքից, հասարակության մեջ իմ ոստիկաններից մեկին վիրավորի, էլ չեմ խոսում անձնական վիրավորանքի մասին: Իսկ եթե մարդիկ իրենց անձեռնմխելիությամբ են որոշում հանդես գալ, թող չմոռանան, որ դրա դիմաց իմ ոստիկաններն էլ արժանապատվություն ունեն, որ իրենց անձեռնմխելիությունից ոչ մի բանով պակաս չէ, մի բան էլ ավել է. իրանց անձեռնմխելիությունը թող պահեն իրանց»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment