Friday, March 11, 2011

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի դիրքորոշման մեջ տեղաշարժ կա, հայ-թուրքական հարաբերություններում նորություն չկա

Tert.am. 11-3-2011- Տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման սկզբունքների հարցում համաձայնության գալու հնարավորություն կա: Այս մասին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսօր առավոտյան, երբ հանդիպում էինք Լատվիայի վարչապետի հետ, նրա հարցին, թե ի՞նչ առաջնթաց կա Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, ես պատասխանեցի, որ եթե այս հարցը տրվեր մեկ շաբաթ առաջ, ապա ես կասեի, որ որևէ արդյունք, որևէ դրական ելք չեմ ակնկալում: Բայց մարտի 5-ին Սոչիի հանդիպումից հետո կարելի է ասել, որ որոշակի տեղաշարժ կա ադրբեջանցիների դիրքորոշման մեջ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Ես համարում եմ, որ մենք տեսանելի ապագայում կարող ենք հասնել որոշակի համաձայնությունների` սկզբունքների շուրջ»,- ասել է նախագահը՝ նշելով, որ խոսքը համանախագահների առաջարկած երեք հիմնարար սկզբունքների մասին է. ուժի և դրա սպառնալիքի բացառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն:
«Այս սկզբունքների շուրջ համաձայնության գալուց հետո կարող է սկսվել բանակցությունների մի նոր փուլ, և այդ ժամանակ շատ հարցեր մանրամասնվելու են: Ուզում եմ ասել, որ սկզբունքների շուրջ համաձայնության գալը դեռևս սկիզբն է, դա ավարտ չէ»,- հայտարարել է նա:
Միաժամանակ Սերժ Սարգսյանը հայությանը կոչ է արել. «Պատրաստվեք պաշտպանելու մեր ազգային շահերը: Պատրաստվեք մեզ սատար կանգնելու: Մեզ համար սա չափազանց կարևոր է»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախագահը կրկնել է, որ Հայաստանի համար որևէ նախապայման ընդունելի չէ, մանավանդ այն նախապայմանները, որոնք թուրքերը փորձում են առաջադրել` կապված Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության հարցերի հետ: «Մենք այս պահին ոչ խոսելիք, ոչ անելիք չունենք նրանց հետ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ «հայ-թուրքական հարաբերությունների առումով որևէ նորություն չկա»:
«Շատերն ասում են, որ եթե այսպես էր լինելու, ինչու նախաձեռնեցիք այս քաղաքականությունը: Ուզում եմ ասել, որ սա այն դեպքն է, երբ բացասական արդյունքն էլ արդյունք է: Մեր շատ ու շատ բարեկամներ մեզ մշտապես կշտամբում էին և ասում, որ դուք չեք ուզում թուրքերի հետ հարաբերվել, որովհետև ղեկավարվում եք միայն ձեր ցավով, ձեր հույզերով, որ Ցեղասպանությունը ձեզ կոմպլեքսավորել է, բարդույթներ է հարուցել և դրա համար հարաբերություններ չկան: Բայց փառք Աստծո, հիմա բոլորն էլ համոզվեցին, որ մեր հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ լավ կլիներ, եթե գործընթացն արդյունավետ ելք ունենար, բայց «չզիջելով մեր ազգային խնդիրներում, նույնիսկ` մեկ միլիմետր, մենք հասանք որոշակի արդյունքի»:

No comments: