Friday, March 11, 2011

Բրայզան Ադրբեջանի իշխանությանը հորդորել է բռնություն չկիրառել խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ

Panorama.am. 11-3-2011- Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվում մարտի 12-ին միտինգ է կազմակերպում, իսկ բուհերի ուսանողների և միջնակարդ դպրոցների աշակերտների մասնակցությունը կանխելու համար իրավապահ մարմինների կողքին ակտիվ գործունեություն են սկսել նաև կրթության ոլորտի աշխատակիցները, որոնք ճնշում են գործադրում ոչ միայն ուսանողների և դպրոցականների, այլև նրանց ծնողների վրա:
Դիվանագիտական աղբյուրներից «Pia.az»-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը որոշել է ակտիվորեն միջամտել այդ գործընթացին: Կայքի աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հեռախոսային խոսակցություն է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ և հորդորել նրանց` տեղի ունենալիք ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություն չկիրառել:
«Այդ հեռախոսային բանակցությունների հիմնական թեման եղել է այն, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն չկիրառվի, և մինչ այսօր ձերբակալվածներն էլ ազատ արձակվեն»,- հայտնել է աղբյուրը` նշելով, որ այդ մասին Բրայզայի հետ համաձայնություն էր ձեռք բերվել ընդդիմության առաջնորդների հետ նրա հանդիպման ժամանակ ևս:
Նշենք, որ Բաքվի գործադիր իշխանությունը օրենքով սահմանված ժամկետից մեկ օր ուշ մերժել է մարտի 12-ին «Թավրիզ» կինաթատրոնի մոտ միտինգ անցկացնելու մասին «Մուսավաթ» կուսակցության դիմումը` պատճառաբանելով, որ չի կարող ապահովել մասնակիցների անվտանգությունը, քանի որ այդտեղ երթևեկությունը խիստ ինտենսիվ է, և առաջարկել է ակցիան անցկացնել Բիբիհեյբաթ ավանում գտնվող մարզադաշտում:
«Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գործադիր ապարատի ղեկավար Արիֆ Հաջըլըն հայտարարել է, որ Բաքվի գործադիր իշխանության որոշումը հակասում է «Ազատ հավաքների անցկացման մասին» օրենքին: «Որոշումը մեկ օր ուշ հայտնելու պատճառով մենք մարտի 12-ի միտինգը կանցկացնենք Բաքվի կենտրոնական հրապարակներից մեկում, ինչի վերաբերյալ կիրազեկենք մարտի 11-ին»,- ասել է Ա.Հաջըլըն:

No comments: