Tuesday, April 5, 2011

«Ազադլիգ». «Ովքե՞ր պետք է պատասխան տան 1969 թ-ից Ադրբեջանում կատարվող սարսափելի հանցագործությունների համար»

Panorama.am. 4-4-2011- «Ազադլիգ» թերթը պաշտոնական և ոչ պաշտոնական կարծիքների հիման վրա փորձել է պարզել երկար տարիներ Ադրբեջանի իշխանության ղեկավարման հիմնական սկզբունքները և եզրահանգել, որ Հեյդար Ալիևի` 1969 թ-ի հուլիսին Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար նշանակվելուց հետո սկսված և փոքր ընդմիջումով շարունակվող այս իշխանությունը հիշվում է երկու հիմնական բացասական գործոնով:
Առաջինը` չինովնիկական կամայականությունն ու կոռուպցիան է, երկրորդը` իշխանության կլանային համակարգը: Եթե առաջինը կարող է ինչ-որ կերպ համարվել խորհրդային շրջանից ժառանգված սովորույթ, ապա երկրորդը` միանշանակ, ավագ Ալիևի ստեղծած և կրտսեր Ալիևի կողմից շարունակվող արատ է:
«1993 թ-ի հունիսից Հեյդար Ալիևի` արդեն անկախ Ադրբեջանում կրկին իշխանության գալուց հետո, սպանվածների և բանտերում փտողների ցուցակը, նախկին ժամանակաշրջանի համեմատ, շատ ավելի մեծ է: Սուրաթ Հուսեյնով, Նարիման Իմրանով, Մուզամիլ Աբդուլլաև, Աքիֆ Մուրադվերդիև, Ալի Ինսանով, Ֆարհադ Ալիև…
Այս ցուցակը հնարավոր է ցանկացած չափով երկարացնել: Նրանց մեղքն ու մեղավորությունն իրականում այսօր նրանց տեղը եկած կամ էլ 15-20 տարի պաշտոնավարողներից բոլորովին շատ չէ: Նրանց մեղքը ոչ թե պետությունն ու օրենքներն են, այլ իշխող ընտանիքի, իշխանության առաջին դեմքի աչքից ընկնելը: Ոչ մի աստիճանի պաշտոնյա ապահովված չէ դրանից:
Այսօր բոլոր նախարարներն, այդ թվում նաև ուժային, և մյուս չինովնիկները չգիտեն, թե ինչ է գալու «գլխներին» վաղը, որովհետև հնազանդ են ոչ թե օրենքներին, այլ` կամայականությանը: Հարց է առաջանում` ինչու Հեյդար Ալիևի ժամանակ հրաժարական տված, ավելի ճիշտ, հրաժարականի ուղարկված Թոֆիգ Զյուլֆուգարով-Վաֆա Գուլուզադե-Էլդար Նամազով քաղաքական գործիչ` այսօրվա մեկնաբանների եռյակը չեն հայտարարում իրենց հեռանալու իրական պատճառը:
1969 թ-ին Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնից հեռացված և Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի ու Սանիտարիայի և հիգիենիայի ինստիտուտի տնօրեն նշանակված Վալի Ախունդովից, առաջին իսկ օրը նրա աշխատանքի ներկայանալու ժամանակ, դռնապան ոստիկանը փաստաթուղթ է պահանջել: Այդ օրն Ախունդովը, ինչպես նաև միլիոնավոր մարդիկ հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Հանրապետությունում նոր դար էր սկսվել: Ավելի ճիշտ, լավ մոռացված` վախ կոչված անցյալը վերադառնում էր: Դա սկսվեց 1969 թ-ի հուլիսին…
Ինչո՞ւ ինչ-որ մոլագար սպանեց Ադրբեջանի կոմերիտմիության առաջին քարտուղար Մագսուդ Ալիզադեին: Ինչո՞ւ Հեյդար Ալիևից առաջ Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Շիխալի Գուրբանովը պատահաբար մահացավ ատամնաբուժարանում` բժշկի կաբինետում, իսկ բժիշկը ինքնասպանություն գործեց` ցած նետվելով շենքի առաջին հարկի պատուհանից: Այդ ո՞ր հանցագործությունների համար Հեյդար Ալիևը Վագիֆ Հուսեյնովին Ադրբեջան վերադարձնելու համար հատուկ խնդրագիր էր հղել ՌԴ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինին…»,- գրում է թերթը և հարցնում. «Ովքե՞ր պետք է պատասխան տան 1969 թ-ից Ադրբեջանում շարունակվող սարսափելի հանցագործությունների համար»:

No comments: