Saturday, April 30, 2011

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

«Ազգ», 30/04/2011: Երեկ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ անցած ամիսների ընթացքում Հայաստանը մասնակցել է գրքի երեք խոշոր սալոններիՙ Մինսկում, Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգի գրքի միջազգային 7-րդին։ Հայ գրատպության 50-ամյակին նվիրված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ Սանկտ Պետերբուրգյան ցուցահանդես-տոնավաճառում Հայկական տաղավարն արժանացել է պատվավոր դիպլոմի։ Ձեռք են բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր գործնական կապեր։ Ինչպես տեղեկացրեց նախարարը, ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնեւի «Գրքի եւ մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառում» Հայաստանը կներկայանա պատվավոր հյուրի կարգավիճակով։ Բացմանը ներկա կլինի Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրը, Ժնեւի քաղաքապետ Սանդրին Սալերնոյը եւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը։ Այդ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու համար Հայաստանին տրամադրվել է շուրջ 1000 քմ տարածք, որտեղ կներկայացվի ալբոմային, թարգմանական, մշակութային ժառանգությունը ներկայացնող հանրագիտարանային, գեղարվեստական, մանկական, ցեղասպանությանն առնչվող գրքեր եւ էլեկտրոնային գրականություն, բառարաններ, քարտեզներ, բուկլետներ, կատալոգներ, սփյուռքահայ մամուլ։ Կլինեն նաեւ «Հայ հնատիպ գիրք», «Հայաստանի 12 մայրաքաղաքներ», ցուցահանդեսներ, հայկական ազգային տարազների եւ գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» աշխատանքների շարքը։ Հայաստանից եւ սփյուռքից գրողներ, գրականագետներ, հրատարակիչներ, մշակույթի գործիչներ կմասնակցեն 25 շնորհանդեսների, 8 թեմատիկ կլոր սեղանների։ Տարածքում կգործի տեղեկատվական կենտրոնը, անընդմեջ կցուցադրվեն Հայաստանը ներկայացնող տեսաֆիլմեր։ Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցեն աջակից «Կյուլպենկյան հիմնադրամի» միջոցով տպագրված գրքերը։ Ծրագիրն իրականացվում է «Թոփալյան» հիմնադրամի եւ Շվեյցարիայում ՀՀ դեսպանատան հետ համատեղ», ասաց նախարար Հասմիկ Պողոսյանը։
Իսկ ապրիլի 30-ից մայիսի 1-ը «Լոս Անջելես թայմս»-ի կողմից կազմակերպվող գրքի ամենամյա միջազգային փառատոնին Հայաստանն առաջին անգամ կներկայանա ամենամեծ ու ներկայացուցչական տաղավարով (40 քմ)։ Առանձին բաժիններով կներկայացվեն ցեղասպանությանը նվիրված թարգմանական եւ երաժշտական գրքեր եւ էլեկտրոնային գրականություն, Ամերիկայում ապրած եւ ստեղծագործած հայ ժողովրդի մեծ զավակներ Վիլյամ Սարոյանի, Արշիլ Գորկու, Ռուբեն Նաքյանի եւ այլոց ստեղծագործական ժառանգությունը, կներկայացվեն այս թեմաներով խտասալիկներ, «Կոմիտաս», «Արամ Խաչատրյան», «Վիլյամ Սարոյան» մուլտիմեդիա ծրագրերը։ Իսկ առանձին շնորհանդեսներով կներկայեն «Հայկական վիրտուալ գիրք» ծրագիրը, մի շարք գրողների գրքեր։ Հայկական տաղավարի մոտ կհնչի կենդանի երաժշտությունՙ Լոս Անջելեսում գործող հայկական խմբերի կատարմամբ։ Ցուցահանդեսի փակումից հետո տեղի կունենան Հայաստանի պատվիրակության հանդիպումներ հայ համայնքի հետ, որոնց ընթացքում կկայանան Հայաստանում պետական աջակցությամբ հրատարակված լոսանջելեսաբնակ գրողների ժողովածուների, ինչպես նաեւ սփյուռքում հրատարակված գրքերի շնորհանդեսներ։ Իսկ հետո տեղի կունենա գրքերի նվիրատվություն Գլենդեյլի հանրային գրադարանին եւ Հայաստանի գլխավոր հյուպատոսությանը, ինչպես նաեւ հայկական վարժարաններին եւ համալսարանների հայագիտական բաժանմունքներին։ «Այս ծրագիրը իրականացվում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության եւ ՀԲԸՄ-ի հետ համատեղ», նշեց նախարարը ու ծանոթացրեց առաջիկա հոբելյանական ծրագրերին, որոնց «Ազգը» կանդրադառնա հաջորդ համարում։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

No comments: