Wednesday, April 6, 2011

Ընդդիմադիրները հարձակվել են Լիբիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա

Tert.am. 6-4-2011- Լիբիացի ընդդիմադիրները երեկ հարձակվել են Բենղազի քաղաքում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ ընդդիմադիրները ներկա պահին շրջապատել են հյուպատոսության շենքը և պահանջում են իջեցնել թուրքական դրոշը։
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երեկ ցերեկվա ժամերին մի խումբ զինված ընդդիմադիրներ աղաղակելով հակաթուրքական կարգախոսներ հարձակվել են թուրքական հյուպատոսության շենքի վրա, պոկել ցուցանակները, նյութական վնասներ հասցրել շինությանը։
Ընդդիմադիրների անունից հայտարարությամբ հանդես է եկել Մուհամեդ Բայքուն, ով քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն բանի համար, որ նա դեմ է հանդես եկել ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի՝ լիբիացի ապստամբներին զինելու առաջարկին։
Ընդդիմադիրներն սպառնացել են հյուպատոսության աշխատակիցներին, որ եթե չիջեցնեն թուրքական դրոշը, ապա դա կանեն իրենք։
Թուրքական հյուպատոսությունում այժմ գտնվում են 36 անձինք, այդ թվում թուրքական ոստիկանության հատուկջոկատայիններ։
«Անադոլուի» հետ զրույցում Լիբիայում Թուրքիայի հյուպատոս Ալի Դավութօղլուն, ով նույնպես գտնվում է շենքում, նշել է, որ իրենք չեն իջեցնելու դրոշը։
«Հավաքվածներն ասում են, թե շարունակելու են իրենց ակցիան, քանի դեռ թուրքական դրոշը չի իջեցվել։ Մենք մեր դրոշը չենք իջեցնելու, նրանք էլ դա անելու համարձակություն չունեն։ Ներկա պահին շենքում որևէ խնդիր չկա կապված անվտանգության հետ։ Առայժմ սպասողական վիճակում ենք»,– ասել է հյուպատոսը։
Դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Սելչուք Ունալը՝ տեղի ունեցածը որակելով որպես սադրանք։
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ապստամբները հարձակվել են նաև Լիբիայի նավահանգիստներից մեկում խարիսխ նետած թուրքական նավի վրա։

No comments: