Tuesday, April 12, 2011

ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴԻՐՔՈՒՄ

«Լրագիր» 12-4-2011- Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ապրիլի 12-ին մամուլի ասուլիսում անդրադարձել է նախօրեին Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանն արտահերթ ընտրության մասին: Հակոբյանը հայտարարել էր, թե արտահերթ ընտրությունն այժմ ձեռնտու է Կոնգրեսին եւ իշխանությանը: Ստեփան Սաֆարյանն ասելով, որ դա Ժառանգության պաշտոնական կարծիք չէ, ասել է, որ ինքը այդքան էլ համաձայն չէ Ռուբեն Հակոբյանի ձեւակերպմանը:
“Ես կարծում եմ, որ Ռուբեն Հակոբյանի ձեւակերպումն այդքան էլ հաջող չի եղել”, ասում է Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, խնդիրը երեւի ոչ ճիշտ ձեւակերպումն է: “Որովհետեւ խոսքը վերաբերում է շահերի համընկնելուն: Բայց ասել, թե Ժառանգության պահանջը չէ դա, դա ճիշտ չի լինի”, ասում է Ստեփան Սաֆարյանը, նշելով, որ Ժառանգությունն ու նրա առաջնորդը պահանջում են արտահերթ ընտրության անկացում:
Գնահատելով երկրում առկա քաղաքական իրավիճակը, Ստփան Սաֆարյանը նշել է, որ Կոնգրեսն այժմ հայտնվել է մի դիրքում, որը վտանգավոր է հենց Կոնգրեսի համար: Այդ մասին Ստեփան Սաֆարյանը խոսել է որպես քաղաքագետ, եւ ոչ որպես Ժառանգության անդամ: Նա ասել է, որ Կոնգրեսից հասարակության սպասումն արագ իշխանափոխությունն է, եւ եթե դա տեղի չունենա եւ լինի հերթական ընտրություն, ապա կոնգրեսը կարող է կորցնել իր էլեկտորատի մի մասը: Ըստ Ստեփան Սաֆարյանի, հենց դրա համար է Հակոբյանն ասում, որ այժմ Կոնգրեսի համար շահեկան է արտահերթ ընտրությունը: Սաֆարյանի խոսքով, իշխանության համար էլ արտահերթը շահեկան է, քանի իշխանության ներսում բյուրեղացում կա, եւ այլ գործընթացներ տեղի չեն ունեցել:
Ինչ վերաբերում է դիրքերին, ապա Ստեփան Սաֆարյանն ասում է, որ լիբերալ եւ ռադիկալ դիրքերի միջեւ գտնվող Ժառանգությունն այժմ հայտնվել է ռադիկալ դիրքում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ռադիկալ տիրույթը փորձում է դարձնել ավելի լիբերալ: “Եվ որտեղ մնալը իր համար երկարաժամկետ առումով վտանգավոր է, որովհետեւ այդ դաշտում ինքը կկորցնի ռադիկալ էլեկտորատի զգալի հատվածին, եւ հատկապես նրանց, ովքեր արագ դեմ են իշխանության հետ համագործակցությանը: Իսկ չմնալ եւ դուրս գալն այս պահին, դա նշանակում է ուղղակի պայմանավորվածությունների խախտում արտաքին եւ ներքին դերակատարների հետ”, ասում է Ստեփան Սաֆարյանը:

No comments: