Monday, April 4, 2011

ԱՆԵԼԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵԼՔԸ

«Լրագիր» 4-4-2011- Հայաստանի անկախացումից անցել է արդեն երկու տասնամյակ, սակայն այդ ընթացքում շատ հարցերում պատկերացումները, ընկալումները դեռ շարունակում են մեծ մասամբ մնալ խորհրդա-ռուսական արժեհամակարգի տիրույթում: Այդ հարցերից մեկն էլ Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունն է, որն արդեն ունի ավելի քան մեկուկես տասնամյակի պատմություն, սակայն հասարակության եւ նույնիսկ քաղաքական շրջանակների զգալի մասի մոտ ընկալվում է զուտ որպես պարտադրված ինչ որ արարողակարգ, որ Հայաստանին պետք է զուտ այն իմաստով, որ չհարուցի արեւմտյան տերությունների դժգոհությունը:
Այսինքն, ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունը Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների թերեւս զգալի մասի համար ընդամենը պայմանավորված է նրանով, որ մենք չենք կարող Արեւմուտքին ոչ ասել, ու դրա համար ստիպված ենք ՆԱՏՕ-ի հետ ինչ որ հարաբերություններ պահել, այլապես Ռուսաստանի հետ հարաբերությունը մեր անվտանգության համար լիուլի բավական է:

Դա գուցե իրավիճակի փոքր ինչ կոպիտ բնորոշումն է, բայց կոպիտ լինելով հանդերձ, թերեւս միանգամայն համարժեք է իրավիճակին: Օրինակ, երեւի թե հենց դա է պատճառը, որ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունը չի հանդիսանում հրապարակային բանավեճի, քննարկումների, մտափոխանակության առարկա: Դա վկայում է համընդհանուր շահագրգռության բացակայության եւ այդ հարաբերությունների ձեւական ընկալման մասին: Նույնի օրինակ է նաեւ այն, որ գրեթե մեկուկես տասնամյակ գործակցելով ՆԱՏՕ-ի հետ տարբեր ծրագրերով, Հայաստանը ռազմաքաղաքական կյանքի կազմակերպման որակի առումով շատ քիչ բան է ընդօրինակել այդ կազմակերպությունից, եւ եթե արդյունք կա, ապա այն արտահայտվում է առավելապես ձեւի, ոչ թե բովանդակության տեսքով:

Խոսքը միայն ռազմական ոլորտի մասին չէ: ՆԱՏՕ-ն զուտ ռազմական դաշինք չէ, այլ ռազմաքաղաքական միավոր, որի առանցքը կազմում են քաղաքացիական արժեքները: Այսինքն, ՆԱՏՕ-ն որպես անվտանգության ելակետ դիտում է հենց քաղաքացիական արժեքները, համարելով, որ դրանց վրա կառուցված հասարակարգերն են ունակ արդյունավետ լուծել ազգային եւ պետական անվտանգության խնդիրները, արդյունավետ դիմագրավել դրանց, լինել մարտունակ եւ մրցունակ ոչ միայն կարճաժամկետ, այլ երկարաժամկետ առումով: Ահա այդ համատեքստում, որը թերեւս կարելի է համարել խնդրի քաղաքակրթական համատեքստ, Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի համար ՆԱՏՕ-ն կարծես թե բացարձակապես հետաքրքրություն չի ներկայացնում: Իսկ դա զարմանալի է հատկապես այն պարագայում, որ Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի հենց քաղաքացիական արժեհամակարգի վրա հիմնված մրցունակ եւ մարտունակ հասարակարգի ձեւավորման առումով, եւ հասարակական-քաղաքական միջավայրը գոնե հայտարարված տեսանկյունից հենց այդ հարցն է դարձրել Հայաստանի համար արդիական ու հրատապ:

Այդ պարագայում, ՆԱՏՕ-ն պետք է որ առնվազն քաղաքակրթական առանցքի առումով մեծ հետաքրքրություն ներկայացներ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի համար: Այստեղ իհարկե հաճախ են լինում թյուրիմացություններ, քանի որ այդ հետաքրքրությունն անմիջականորեն ընկալվում է իբրեւ անդամակցության խնդրի առարկայացում: Ամենեւին: Հետաքրքրություն ասվածը բոլորովին էլ չի ենթադրում անդամակցության հարց: Դա քաղաքական ոլորտի խնդիր է, որտեղ կարծես թե հասկանալի է, որ մոտ ապագայում թե Հայաստանը, թե նույնիսկ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն որեւէ ռացիոնալ քննարկման, ելնելով նաեւ օբյեկտիվ շատ հանգամանքներից:

Խնդիրն անդամակցությունը չէ, խնդիրը ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը ձեւականից բովանդակայինի վերածելն է, Հայաստանի համար այդ ամենը իրական որակի բերելը: Եվ, այդ առումով, թերեւս թյուր է նաեւ այն ընկալումը, որ դա հակադրվում է հայ-ռուսական տիրույթին: Այստեղ էլ թերեւս գործ ունենք մոլորության կամ շահարկման հետ, քանի որ հայ-ռուսական տիրույթին մրցակից դառնալով, Հայաստան-ՆԱՏՕ որակապես արդյունավետ փոխհարաբերությունը կարող է արդյունավետորեն ազդել նաեւ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերության որակի բարելավման վրա: Իսկ որ այդ հարաբերության որակն ունի բարելավման, նույնիսկ առողջացման կարիք, թերեւս վեր է կասկածից:

Ակնհայտ է, որ ռուսական միջավայրում Հայաստանի հանդեպ կան այն զգացումը, որ Հայաստանն այլ ելք չունի, քան Ռուսաստանին ապավինելը: Հայաստանի անելանելիության այդ զգացումը ազդում է մեր երկրի հանդեպ ռուսական իստեբլիշմենտի մտածողության արդյունավետության վրա: Ռուսաստանում Հայաստանի հանդեպ ձեւավորվում է ոչ թե գործընկեր պետության, այլ տիրոջ զգացում, որը համոզված է` ծառան այլ ելք չունի, քան իրեն ապավինելն եւ ենթարկվելը: Այդպես Ռուսաստանը դադարում է հաշվի առնել Հայաստանի շահը եւ այն նույնիսկ կարող է դարձնել իր շահը սպասարկող մանրադրամ:

Անելանելիության զգացում է առկա նաեւ Հայաստանի հասարակության մոտ, որը խորհրդա-ռուսական արժեքային այդ շահարկումների իներցիայով ՆԱՏՕ-ն համարելով իմպերիալիզմի դավադիր բաստիոն, համոզված է, որ միայն Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության հույսը: Անելանելիության այդ հայաստանյան զգացումը կաթվածահար է անում հասարակական-քաղաքական միտքը նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Խնդիրը ամեեւին այն չէ, որ ՆԱՏՕ-ն պետք է փոխարինել Ռուսաստանով, որովհետեւ օրինակ ի տարբերություն հասարակական-քաղաքական մտքի մի հատվածի, մեկ այլ հատված կարծում է, որ հակառակն է` ՆԱՏՕ-ն է լավը, իսկ Ռուսաստանը վատն է: Ամենեւին, խնդիրը բացարձակապես լավ ու վատը չէ:

Պարզապես ավելի ու ավելի կենսական է դառնում, որ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում երկրի անվտանգության ապահովման ուղիների, տարբերակների, մեթոդների առումով ձեւավորվի բանավեճ, որով կհաղթահարվի անելանելիության “մոնոպոլ” զգացումը եւ Հայաստանը ցույց կտա, որ պատրաստ է եւ ի վիճակի է ընտրություն կատարել ելնելով իր շահից, ու կընտրի այն համակարգի հետ առավել սերտ գործակցությունը, որտեղ առավելագույն կայուն եւ հեռանկարային առաջարկները կլինեն Հայաստանի շահի սպասարկման տեսանկյունից:

Այդ առումով էլ շատ կարեւոր է, որ Հայաստանն ի վերջո ինքն իր համար հստակեցնի եւ կոնկրետացնի շահերի այն քաղաքակրթական առանցքը, որի շուրջ պատկերացնում է իր պետականության ապագային կառուցումն ու ընթացքը: Իսկ դրա համար պետք է բանավեճ, դրա համար պետք են քննարկումներ, դրա համար պետք է դուրս գալ կարծրատիպերից եւ իներցիոն ընկալումներից, դուրս գալ տաբուներից, դրա համար անհրաժեշտ է մշտապես աշխատել հասարակական-պետական օրակարգի արդիականացման վրա, որեւէ հարցում երբեք չտրվել անելանելիություն գուժող միանձնյա կողմնորոշումներին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: