Wednesday, April 6, 2011

ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ՔՈՉԱՐՅԱՆԸ

«Լրագիր» 5-4-2011- Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար սկսել է դատի տալ թերթերին եւ ամեն անգամ պահանջել 6 մլն դրամ փոխհատուցում: Այս կապակցությամբ մեկնաբանությունների համար դիմեցինք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների:

-Հովհաննես Սահակյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր.

- Ես չէի ցանկանա երկրորդ նախագահի գործողությունները բնութագրել, քննադատել, վերլուծել: Կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա: Եթե ինքը կարծում է, որ վիրավորվել, զրպարտվել է իր բարի համբավը, ապա որպես ցիվիլ մարդ, ժողովրդավարական երկրում ապրող մարդ, իրավունք ունի դատական կարգով վերականգնելու իր ոտնահարված իրավունքները: Ես այստեղ արտառոց բան չեմ տեսնում:

-Ինչո՞ւ է հենց Քոչարյանը կենտրոնացել մամուլի վրա եւ “ռեժիմով” հայցեր է ներկայացնում:

Ուրեմն նրան են ավելի շատ վիրավորում եւ զրպարտում:

-Չե՞ք մտածել` ինչու են իրեն ամենաշատը վիրավորել ու զրպարտել:

Ես չեմ կարող ասել: Եթե դիմում է, ուրեմն գտել է, որ բարի համբավը վիրավորվել է: Արտառոց բան չեմ տեսնում այստեղ: Եթե դատարանի որոշման հետ կապված որեւէ խնդիր լինի, եթե որոշումը համարժեք չլինի, ապա դա արդեն արդարադատության իրականացման խնդիր է, եւ մամուլը կարող է դիմել ավելի բարձր ատյան, վերականգնել ոտնահարված իրավունքները: Ես ինքս օրենքի կարգավորման առումով որեւէ բաց չեմ տեսնում, միգուցե լինեն որոշակի խնդիրներ` արդարադատության իրականացման առումով, որ վնասի փոխհատուցման առավելագույն չափ սահմանեն: Բայց օրենքում չկան բացեր:

-Չե՞ք կարծում, որ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցվեցին` մամուլին դատի տալու եւ նրանից գումարներ կորզելով սնանկացնելու համար:

-Ոչ, չեմ կարծում: ԵԱՀԿ բոլոր փորձագետները, որոնք առնչվել են նույն այս խնդրի հետ, ողջունել են զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը: Իսկ ով է ասել, որ մամուլին կամ որեւէ մեկին թույլատրվում է վիրավորել մարդու, բարոյական վնաս հասցնել:

-Իսկ մի՞թե Ռոբերտ Քոչարյանն այդքան խոցվող, վիրավորվող է, որ միայն ինքն է մամուլի դեմ պարբերաբար հայցեր ներկայացնում:

-Ես չեմ կարող ասել. դա իր անձնական խնդիրն է:

-Վարդան Գրիգորյան, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ

- Քրեաօլիգարխիկ համակարգը փոխել է իր ղեկավարին, իր պապային: Եվ քանի որ պապային արդեն գումարներ չեն փոխանցում, խեղճը նման ճանապարհով է գումարներ հայթայթում: Ընդ որում, նա գումարները հայթայթում է ոչ թե իշխանական աղբյուրներից, այլ` ազատ խոսքը փակելու ճանապարհով: Հավատացեք, դա իր համար մեծ փորձանք է լինելու: Ազատ խոսքի բերանը փակելն անհնարին է, այնպես, ինչպես անհնարին է ազատասեր աղավնուն պահել վանդակի մեջ:

-Իշխանությունները պնդում են, որ Քոչարյանն իրավունք ունի դիմելու դատարան, եթե կարծում է, որ իրեն վիրավորել կամ զրպարտել են:

Դա իշխանությունների խեղկատակությունն է, որովհետեւ նույն դատարանները նույն իշխանությունների կամակատարներն են: Եվ պարզ է, որ նրանցից որեւէ մեկը չի համարձակվի քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել: Պարգեւ Օհանյաններ մեր դատական համակարգում անհատներն են, որոնք թքեցին ու դուրս եկան իրենց քաղաքացիական դիրքորոշման համար: Այնպես, որ, այսօր, ցավոք սրտի, մնացողները Մնացներ են` Մնացականյան:

-Հրայր Կարապետյան, ՀՅԴ խմբակցության պատգամավոր

-Որպես պատգամավոր, ինչպե՞ս եք վերաբերվում մամուլի դեմ վերջին շրջանում ներկայացվող հայցերին: Այլեւս համոզմունք է, որ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցվեցին` մամուլին դատի տալու եւ նրանից գումարներ կորզելով սնանկացնելու համար:

-Դատի տալու խնդիր եթե կա, պետք է դատի տաս, եթե կարծում ես, որ զրպարտանք է, չի համապատասխանում իրականությանը: Մամուլի խնդիրն էլ այն է, որ արդարանա:


-Իսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի կողմից որքանո՞վ է խելամիտ ու նպատակահարմար մամուլին «ռեժիմով» դատի տալը:

-Ցանկացած քաղաքացի, եթե կարծում է, որ իր մասին տպագրված նյութում զրպարտանք է ու սուտ, իրավունք ունի դատի տալու: Փառք Աստծո, որ մենք ունենք նման ժողովրդավարական օրենքներ:

-Հակոբ Հակոբյան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր.

- Գաղտնիք չէ` մամուլն ինչ անեթեթ բան ասես չի գրել մինչեւ հիմա, եւ այժմ, երբ փորձեցին գնալ իրավական դաշտ, աղմուկ են հանում: Մարդիկ, յուրաքանչյուրն ուզում են ցույց տալ, թե ով ինչ է անում:

-Իսկ Քոչարյանի կողմից որքանո՞վ է նպատակահարմար մամուլին «ռեժիմով» դատի տալը:

-Դա նշանակում է, որ ամենաանհեթեթ բաները գրում են Քոչարյանի դեմ:

Պատրաստեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

No comments: