Friday, April 29, 2011

Բաքուն «սուպեր սեւ ցուցակ» է կազմել, որում ներառել է ադրբեջանցի «դավաճաններին»

News.am.28-4-2011- Ադրբեջանում բացի «պերսոնա նոն գրատա» հայտարարված անձանց «սեւ ցուցակից», որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ, կա նաեւ «սուպեր սեւ ցուցակ»:
Դրանում ընդգրկված են ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր այս կամ այն պատճառով համարվում են Ադրբեջանի շահերին դավաճանածներ:
Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի տվյալներով, այց ցուցակում կան նաեւ ՌԴ երկու քաղաքացիներ` Նիժնի Նովգորոդի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Վիդադի Աբասովը, ով «համարձակվել է» ծափահարել պարի փառատոնին մասնակցած հայկական պարի խմբին եւ ադրբեջանցի դերասան Արիֆ Ջավադովը, ով համաձայնել է նկարահանվել «Ընդհատված երգ» ֆիլմում, որի հեղինակները Մոսկվայի հայեր են:
Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս այդ ցուցակը կհարստանա եւս մեկ անունով: Դա Տվերի մարզի ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Ֆայազ Փաշաեւն է: Նման կանխատեսման համար հիմք են հանդիսանում ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, որոնք դատապարտում են Փաշաեւի «պարտվողական դիրքորոշումը», «հայերի ցեղասպանությունը ճանաչելը», «թուրքական դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքը» եւ այլն:
Հայտնի է, որ Բաքվի «սեւ ցուցակում» արդեն կա 10 հազար անուն` 70 երկրներից: Այդ երկրների ցանկում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Սլովակիան, Արգենտինան եւ այլն:

No comments: