Tuesday, April 5, 2011

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն թուրքական մի շարք քաղաքներում

HayNews.am. 5-4-2011- Անցյալ տարվա ապրիլի 24-ին հրապարակայնորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու արարողությունը, որը նմանատիպ առաջին դեպքն էր Թուրքիայում, կկրկնվի նաև այս տարի, սակայն արդեն ավելի մեծ թվով մասնակիցներով և աշխարհագրական ավելի լայն տարածքով:
2010 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում հավաքված մի խումբ թուրք մտավորականներ, փաստաբաններ և իրավապաշտպաններ այս տարի նույնպես կհավաքվեն նույն վայրում: Սպասվում է, որ այս տարի զոհերի հիշատակի միջոցառման մասնակիցների թիվը կավելանա:
Միջոցառմանը մասնակցելու պատրաստակամության մասին հայտնել են արդեն մի շարք թուրքական հասարակական կազմակերպություններ:
Մասնավորապես, «Ռասիզմին և խտրականությանը ոչ ասա» կազմակերպության նախագահ Ջենգիզ Ալգանը թուրքական «Թարաֆ» պարբերականի հետ զրույցում նշել է, որ իրենք պլանավորում են Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում անցկացնել Դիարբեքիրում և Բոդրումում: Սպասում է, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգվի նաև Անկարայում և Իզմիրում (Զմյուռնիայում):
Հիշեցնենք, որ 1915-23 թթ-ին Օսմանյան կայսրությունում և քեմալական Թուրքիայում իրականացված ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ: Հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական կամ բռնի իսլամացվեցին: Թուրքիայի պաշտոնական շրջանակները մշտապես ժխտել և շարունակում են ժխտել մարդկության դեմ իրականացրած մեծագույն հանցագործությունը:

No comments: