Tert.am. 21-4-2011- «Հայոց ցեղասպանությունը հանցագործություն էր մարդկության նկատմամբ»,- այսօր Հայաստանի ժողովի շենքում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամ, բարոնուհի Շրիլայ Ֆրեդերը: Բրիտանահայկական պատգամավորական խումբը, որը խմբի ղեկավար, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ եռօրյա այցով Հայաստանում է, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բրիտանացի խորհրդարանականների խմբի անդամները շեշտեցին, որ իրենք ցնցված են Հայոց ցեղասպանության փաստը վկայող այն ապացույցներով, որոնց ականատեսն են եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:«Որպես բրիտանահայկական պատգամավորական խմբի անդամ՝ ես բավականին մանրակրկիտ կերպով իրազեկվեցի Հայոց ցեղասպանության մասին, և ես ինձ վատ զգացի, որ այդքան ապացույցներ կան, սակայն մեր երկրի կառավարությունը դեռևս չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը»,- հայտարարեց Շրիլայ Ֆրեդերը:
«Շատ քիչ մարդիկ կան Բրիտանիայում, որ իսկապես տեղյակ են, թե ինչ է իսկապես տեղի ունեցել: Մենք չափազանց շատ ժամանակ ենք հատկացնում այն բանին, ինչ տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Բայց ես իսկապես ցնցված եմ այն բանից, որ Հայոց ցեղասպանությունը, իրոք, տեղի է ունեցել, բայց շատ քիչ մարդիկ են իրազեկված այն մասին, թե ինչ է տեղի ունեցել»,- հայտարարեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիքինգլեյը, որն այդ երկրի իշխող կուսակցությունից է: Նա նշեց, որ ինքը ցանկանում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես կազմակերպել:
«Պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրում ավելի լավ ըմբռնեն, հասկանան այդ հարցը: Երկու օր առաջ թանգարան կատարած մեր այցը այնպիսի բան էր, որը մենք միշտ կհիշենք»,- հայտարարեց բրիտանահայկական խորհրդարանական խմբի անդամ Լինդոն Հարիսոնը:
Բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: «Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը ինձ համար ցավալի է: Շատ տխուր է, երբ երկրի ղեկավարությունն ապրում է ճշմարտությունն ասելու վախի մեջ: Լավ բան չէ, երբ վախենում են ճշմարտությունն ասել»,- հայտարարեց Քոքսը՝ ավելացնելով, որ որևէ ցեղասպանության ժխտումը և անպատժելիությունը հանգեցնում է նոր ցեղասպանությունների:
«Ցեղասպանության վերքերը չեն սպիանա, եթե չընդունվի ցեղասպանությունը: Ես որոշ ժամանակ առաջ եղել եմ Թուրքիայում որպես բուժքույր, և այնտեղի իմ պաշտոնակիցներն ինձ ասում էին, որ իրենք ցանկանում են, որ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, որովհետև իրենք չեն կարող անընդհատ ապրել ստի մեջ: Բայց նաև դուք տեղյակ եք, թե Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսողները ինչ բարձր գին են վճարում»,- նշեց բարոնուհի Քոքսը՝ հիշեցնելով Թուրքիայում «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment