Monday, April 4, 2011

Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Իլհամ Ալիևին

Panorama.am. 4-4-2011- Ադրբեջանի հայտնի հոգևորականներից մեկը, Կրոնական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Հաջ Իլհամ Ալիևը առանց որևէ պաշտոնական մեղադրանքի հնգօրյա նախնական կալանք է ստացել:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Ըստ տեղեկատվության` Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ խիստ քննադատել էր Ադրբեջանի իշխանությունների վարած հակաիսլամական քաղաքականությունը` մասնավորապես հեջաբի արգելումը:
Օրերս ադրբեջանցի հայտնի հոգևորական Ալիևը «Իսլամ-ազերի.ազ» կայքին տված հարցազրույցում նշել էր. «Հոգևորականները երբեք չեն հրաժարվի իրենց պայքարից և հեջաբի հարցը միշտ էլ կմնա օրակարգում: Թունիսում ևս ժողովրդական հուզումների հիմնական պատճառը հեջաբի արգելման փաստն էր: Այնպես որ Ադրբեջանի իշխանություններին հորդորում ենք լսել ժողովրդի ձայնը և վերացնել հեջաբի արգելման մասին որոշումը»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած ցույցերին, նշում է, որ Ադրբեջանի ոստիկանական ուժերը խիստ ճնշման են ենթարկել ցուցարարներին, որի արդյունքում 200 ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել:

No comments: