Monday, April 4, 2011

«Սարդարապատը» չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին. Տիգրան Խզմալյան

«Կարևորը հեղափոխության լինել-չլինելը կանխատեսելը չէ, այլ այն բանի գիտակցումը, որ մենք ցանկանում ենք արժանավայել ապրել»,- այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝արաբական հեղափոխությունների՝ Հայաստանում կրկնվելու հավանականության մասին հնչող կարծիքները համեմատելով «օդերևութաբանական կանխատեսումների» հետ:
«Հեղափոխությունը անձրև չէ, հեղափոխությունը չի գալիս, հեղափոխությունը անում են: Քանի դեռ մենք չենք հասկացել այդ պարզ ճշմարտությունը, մեր երկրում ոչինչ չի փոխվի,- ասաց նա և հավելեց:- Հեղափոխությունն ինքնանպատակ չէ, հեղափոխությունն ընդամենը անուն է, մինչդեռ այն կարող է ունենալ տարբեր ձևեր և տարբեր հետևանքներ»:
Ըստ Խզմալյանի՝ «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որովհետև, նրա խոսքով, ընդունում է հետևյալ բանաձևը՝ «ոչ թե ընտրություններով իշխանափոխություն, այլ իշխանափոխության միջոցով ընտրություններ»:
««Սարդարապատ» շարժումը և անձամբ ես պնդում ենք, որ բռնապետությունները իշխանության են գալիս ոչ ընտրություններով և հետևաբար ընտրություններով չեն վտարվում երկրից»,- ասաց նա՝ հավելելով, թե այն ուժերն ու անձինք, ովքեր ընտրությունների կոչ են անում՝ «կա´մ միամիտ են, կա´մ մեղսակից են այն իրավիճակին, որը կլինի ընտրություններից հետո»:
«Ընտրությունները մատնոցախաղ են, և մեր երկրի, մեր երեխաների ապագան մատնոցախաղով որոշելը հանցագործություն է»,- հայտարարեց Խզմալյանը:

No comments: