Monday, April 4, 2011

Թուրք փորձագետ. Օսմանյան կայսրության պես Թուրքիան էլ է անկում ապրում

Panorama.am. 4-4-2011- Թուրքիայի քեմալական հետազոտական կենտրոնի (ADD) ղեկավար Թանսել Չոլաշանը հայտարարել է, որ այժմ անհրաժեշտություն կա Թուրքիան դարձնել անկախ, ազգային, ժողովրդավարական ժամանակակից պետություն: Նա թուրք հանրությանն ահազանգել է, թե Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանն այսօր գրեթե նույնությամբ կրկնվում է ներկայիս Թուրքիայի Հանրապետության համար:
Ըստ նրա` այս անգամ ուղղակի Թուրքիայի կապիտուլացիան աստիճանաբար իրականացվում է «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի (ԱՄՀ), «Համաշխարհային բանկ»-ի (ՀԲ) և «Եվրամիության» (ԵՄ) կողմից: Չոլաշանի համոզմամբ` այսօր խնդիր է դրված տնտեսապես ոչնչացնել Թուրքիան: Այլ կերպ ասած` քաղաքական գաղութարարությանը փոխարինելու է եկել տնտեսական գաղութարարությունը: Այդ իսկ պատճառով Թուրքիայում փակվել են գործարաններ, շատերն ուղղակի արդեն հայտնվել են փողոցում, ամենուրեք ընչազրկություն ու գործազրկություն է:
«Բացի այդ Թուրքիան արևելքում Հայկական հարց ունի, հարավում` քրդական: Պահանջվում է վերաձևել պետությունը: Հայկական ու քրդական հարցերը միշտ օրախնդիր են»,- ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` ասել է Թանսել Չոլաշանը և նշել, որ թուրքերը պետք է պատրաստվեն այսպես ասած նոր ազատագրական պատերազմի, որպեսզի թույլ չտան Թուրքիան մասնատվի:

No comments: