“Հարգելի հայրենակիցներ, սկսում ենք Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը”, հայտարարում է Արամ Մանուկյանը: “Հավատացեք, հանրահավաքը սկսում ենք”, ասում է Լեւոն Զուրաբյանը: Բայց մարդիկ շարունակում են մեջքով մնալ դեպի հարթակը: Հարթակում ստիպված խորհրդակցում են, թե ինչպես հանգուցալուծել իրավիճակը: Հանկարծ խորհրդակցության մասնակիցներից մեկը հիշում է, թե ինչպես 1972 Ռեյկյավիկում աշխարհի չեմպիոնի համար մրցապայքարի 8-րդ պարտիայի 32-րդ քայլին Բորիս Սպասկին փոխատեղում կատարեց Ֆիշերի շախից հետո:
Խորհրդակցությունն ավարտվում է: Որոշվում է գործել ինչպես Սպասկին` փոխատեղում անել. հասարակությանը բարձրացնել հարթակ, իսկ լիդերներն իջնեն ներքեւ: Եթե հասարակությունը մեջքով է կանգնած հարթակին ու ոչ մի կերպ չի ուզում շրջվել դեպի լիդերները, ապա նրան դնելով հարթակ, կստացվի, որ հասարակությունը դեմքով է կանգնած դեպի հրապարակը: Իսկ քանի որ հրապարակում կլինեն լիդերները, կստացվի, որ հասարակությունն արդեն նրանց դեմքով է, ոչ թե մեջքով:
Սակայն ծագում են իրականացման խոչընդոտներ, որովհետեւ չի ստացվում պայմանավորվել ոստիկանության հետ: Ոստիկանությունը բացում է քաղաքապետարանի որոշումն ու ցույց տալիս, որ հանրահավաքը արտոնվել է հետեւյալ դասավորությամբ` հարթակում լիդերներն են, հրապարակում քաղաքացիները: «Եթե տեղերով փոխվեք, ապա հանրահավաքը դառնում է չարտոնված, եւ մենք իրավունք ունենք փոխատեղումը խեղդել օրորոցում», հայտարարում է ոստիկանությունը: «Ազատության հրապարակը այլընտրանքային կարծիքների համար է, ոչ թե փոխատեղման», անմիջապես Սերժ Սարգսյանի հայտարարությունն է տարածում նախագահականը:
Այդ ընթացքում քաղաքացիները շարունակում են անվրդով կանգնել մեջքը դեպի հարթակը, իսկ դեմքը դեպի հրապարակի մուտքը, բայց որեւէ մեկը չի փորձում նրանց հարցնել, թե ինչու են այդպես կանգնել: Լիդերները շարունակում են փոխատեղման խնդրի շուրջ բանակցությունը ոստիկանության հետ: Նախագահականը եւս մի հայտարարություն է տարածում, որում նշվում է, որ Սերժ Սարգսյանին դա դուր է գալիս: Երբ ուր որ է ոստիկանությունն ու ընդդիմությունը պետք է համաձայնության հանգեն, եւ բանակցությունն ավարտվի փոխատեղման թույլտվությամբ, նախագահականը եւս մի հայտարարություն է տարածում, որում նշվում է, որ բանակցության ավարտը ցանկալի չէ եւ թող կողմերը շարունակեն բանակցել, քանի որ Սերժ Սարգսյանին բանակցությունը դուր է գալիս: Կողմերը ստիպված շարունակում են բանակցությունը, թեեւ նրանց դեմքից երեւում է, որ արդեն ակնհայտորեն զզվել են բանակցելուց: «Զզվում եմ զզվելի դեմքերից», Սերժ Սարգսյանի հերթական հայտարարությունն է տարածում նախագահականը:
Լեւոն Տեր-Պետրոսյանն անմիջապես հարթակից փորձում է ցիտել Սերժ Սարգսյանին, մտածելով, որ դրանից հետո հասարակությունը հաստատ դեմքով կշրջվի դեպի հարթակը: Սակայն հասարակությունը շարունակում է կանգնել անփոփոխ դիրքով: Հարթակում որոշում են ոստիկանության հետ բանակցությանը զուգահեռ բանակցել նաեւ հասարակության հետ, պարզելու համար, թե որն է հասարակության պահանջը, որ շրջվել է մեջքով դեպի հարթակը: «Ոչ մի պահանջ էլ չունենք, պարզապես քաղբանտարկյալներին ենք սպասում, թե երբ են նրանք մտնելու հրապարակ», լիդերներին տեղեկացնում է հասարակության լիազոր ներկայացուցիչը:
Հարթակում թեթեւացած շունչ են քաշում. «Ուրեմն հասարակությունը չի բոյկոտում»: Բոլորը շնորհավորում են իրար, Ստեփան Դեմիրճյանի ձայնը բացվում է, բայց անմիջապես խլանում հարթակում տիրող ոգեւորության աղմուկի մեջ: Միայն Անդրանիկ Քոչարյանի ականջներն են այդ ձայնին անհաղորդ, որովհետեւ ապրիլի 28-ից ի վեր նրա ականջներում միայն զնգում է իրեն Հաագայի դատարան հանձնելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի կատակը:
Տեր-Պետրոսյանը խոստացել էր մայիսի 31-ի հանրահավաքում շեշտել, որ դա կատակ էր, բայց սկզբից հասարակության հետ կապված խնդիրը, իսկ հետո հանգուցալուծման համընդհանուր ուրախությունը Տեր-Պետրոսյանին մոռացնել տվեցին կատակի հանգամանքը շեշտելու խոստումը: Նախագահականն ամիջապես տարածում է Սերժ Սարգսյանի նոր հայտարարությունը, որը սակայն դատարկ է: «Առանց ասելու էլ ամեն ինչ պարզ է», սովետական հայտնի անեկդոտն են հիշում բոլորը: Բայց պարզվում է, որ Սերժ Սարգսյանն էլ դատարկ հայտարարությամբ է կատակել, որովհետեւ դատարկից հետո նախագահականը եւս մի հայտարարություն է տարածում, որում նշված է, որ դատարկը հայտարարություն չէր, այլ պարզապես Սերժ Սարգսյանը հասարակության հիշողությունն էր ստուգում:
Lragir.am-ի ֆուտուրիստական դիտարկումների բաժին

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment