Friday, April 29, 2011

ՈՐՏԵ՞Ղ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 29-04-2011- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ BBC-ի հեռուստաընկերության ռուսական ծառայությանն օրերս տված հարցազրույցով ներքաղաքական դաշտում կրկին ակտիվացան ղարաբաղյան կարգավորման հարցի քննարկումները: Առիթը, մասնավորապես, առաջին նախագահի այն հավաստիացումն էր, թե 1997 թ. կողմերը բավականին մոտ էին ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Թե ինչ պայմաններով էր նախատեսվում ձեռք բերել այդ կարգավորումը, 1998 թ. ակնհայտ էր բոլորի համար, ինչն էլ իշխանափոխության պատճառ դարձավ մեր երկրում: Սակայն այսօրՙ ավելի քան մեկ տասնամյակ անց, թերեւս հույսը դնելով ժամանակիՙ զգոնությունը բթացնող հատկության վրա, հնչում են հավաստիացումներ, որոնք կարող են ստեղծել տպավորություն, թե 1997-ին առաջարկված բանակցային սկզբունքներն առավելագույնն էին, ինչին կարող էր եւ կարող է հավակնել հայկական կողմը:
ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի «Ինչո՞ւ են խառնվել իրար» հոդվածում փորձում է այս պնդումը հիմնավորելՙ մեջբերելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ԼՂ կարգավորման «Փուլային տարբերակ» հայտնի փաստաթղթի հատվածներ (1997 թ. դեկտեմբերի 2): Վ. Կարապետյանի պնդմամբ, համաձայնագրի նախագծում «ոչ մի խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին», այնուհետեւ մեջ են բերվում փաստաթղթից որոշ դրույթներՙ ընտրողաբար: Հնարավոր է, որ արտագրելիս հեղինակն ուշադրությունից դուրս է թողել համաձայնագրի նախագծի նախաբանը, որտեղ ուղղակիորեն հղում է կատարվում «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874, 884 բանաձեւերի ամբողջական իրականացման» պահանջին: Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերում էլ հստակորեն ամրագրվում են «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», հետեւաբար համաձայնագրում հղումն այս փաստաթղթերին արդեն կողմերին պարտավորեցնում է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ավելին, համաձայնագրի նախագիծը հղում է կատարում նաեւ ԵԱՀԿ 1994 թ. Բուդապեշտի գագաթաժողովին, որի եզրափակիչ ակտում մասնավորապես նշվում է. «1. ...Նրանք (մասնակիցները) իրենց հավատարմությունը հայտնեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին եւ ողջունեցին Անվտանգության խորհրդի աջակցությամբ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԽ քաղաքական ջանքերը»:
Այնուհետեւ, համաձայնագրի նախագծով կողմերը պարտավորվում են հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից եւ բոլոր վեճերը (նաեւ փաստաթղթի իրականացմանն առնչվող) կարգավորել խաղաղ ճանապարհով: Փաստաթղթով սահմանվում է հայկական ուժերի դուրսբերման կարգը. «Բ) 1) Հայաստանի ցանկացած ուժ, որը տեղաբաշխված է ՀՀ սահմաններից դուրս, բերվում է այդ սահմաններից ներս»: Այսինքնՙ զինված ուժերը դուրս են բերվում ոչ միայն ԼՂԻՄ հարակից շրջաններից, այլեւ բուն Արցախից: Ձեւակերպումն առաջացնում է երկու խնդիր. նախ միջազգային փաստաթղթով արձանագրվում է հայկական ուժերի առկայությունը ԼՂԻՄ եւ նրա հարակից տարածքներում, մյուս կողմից այդ ուժերի փաստացի դուրսբերումն ամբողջովին անպաշտպան էր դարձնում Արցախը:
«V. Կողմերն օժանդակում են տեղահանված անձանց անվտանգ եւ ինքնակամ վերադարձին իրենց նախկին մշտական բնակության վայրեր...
VI. Ուժերի դուրսբերմանը զուգահեռ կողմերն անմիջապես միջոցներ են իրականացնում ճանապարհների, երկաթուղիների ... բացման նպատակով...
XI. Սույն Համաձայնագրի երեք կողմերը, այսպիսով վերջ դնելով հակամարտության պատերազմական փուլին, համաձայն են Մինսկի համաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել վարել բանակցություններ ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի համընդգրկուն կարգավորմանը հասնելու նպատակով, ներառյալ քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը եւ Լաչինի, Շուշիի եւ Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը...»: Փաստորենՙ ԼՂ կարգավիճակի հստակեցման պարագայում անգամ Շուշիի, Շահումյանի եւ Լաչինի խնդիրներն առանձին դիտարկման առարկա են համարվում, այսինքնՙ անկախ ԼՂ վերջնական կարգավիճակից, հնարավոր է, որ Շուշին եւ Լաչինը բոլորովին այլ կարգավիճակ ձեռք բերեին:
Սակայն մինչեւ Լաչինի եւ Շուշիի խնդիրների հստակեցման մասին խոսելը, համաձայնագիրն ինքնին խնդրահարույց մի շարք դրույթներ է պարունակում.
Փաստորեն նշված փաստաթղթով հայկական կողմն անվերապահ եւ առանց որեւէ երաշխիքի հանձնում էր Արցախի շրջակա բոլոր տարածքները:
Հայկական ուժերը դուրս էին բերվում ԼՂՀ ողջ տարածքից:
Արցախը պարտավորվում էր ընդունել պատերազմի հետեւանքով հեռացած բոլոր փախստականներին:
Հայկական կողմերը բացում էին հաղորդակցության եւ կապի ուղիները հակառակորդի հետ:
Մեկ անգամ եւս ընդգծենք, որ կարգավորման այս տարբերակը կոչվում էր «փուլային»: Հետեւաբարՙ կարգավորման նշված փուլում հայկական կողմը գնում էր վերը նշված զիջումներին, ինչի արդյունքում միջազգային հանրությունը ստանում էր Հարավային Կովկասում տարանցման բաց ուղիներ, Ադրբեջանըՙ ԼՂԻՄ հարակից տարածքների հանդեպ վերահսկողություն, ադրբեջանցի փախստականներին եւ ոչ միայն փախստականներին վերաբնակեցնելու, բանակցություններն անորոշ ժամկետով ձգձգելու, Շուշիի եւ Լաչինի նկատմամբ ուղղակի վերահսկողություն հաստատելու հնարավորություն: Այսինքն, հայկական կողմը գնում էր կոնկրետ զիջումներիՙ ոչ միայն փոխարենը ոչինչ չստանալով, այլեւ Ադրբեջանին հնարավորություն տալով անորոշ ժամկետով ձգձգելու բանակցությունները, ԼՂ կարգավիճակի սահմանման կոնկրետ մեխանիզմների բացակայության պայմաններում, ժամանակի ընթացքում վերականգնելու իր փաստացի ինքնիշխանությունը ԼՂՀ նկատմամբ:
Առաջանում է հարց. իսկ ի՞նչ փոխվեց, երբ համաձայնագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ, եւ Ադրբեջանը չստանձնեց վերը նշված պարտավորությունը: Այսպես թե այնպես Ադրբեջանը շարունակեց բանակցել ղարաբաղյան կարգավորման, այդ թվումՙ ԼՂ կարգավիճակի խնդրի շուրջը:
Ուստի ակնհայտ է, որ մինչ այժմ քննարկման առարկա դարձած ղարաբաղյան կարգավորման բանակցային փաթեթներից եւ ոչ մեկում Արցախի ժողովրդիՙ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության արդյունքը չի սահմանվել վճռորոշ ԼՂ կարգավիճակի ամրագրման հարցում, ինչպես դա արվում է Մադրիդյան սկզբունքներում: Ավելին, բանակցային ողջ գործընթացում Ադրբեջանը երբեւէ չէր միացել Արցախի ժողովրդիՙ ինքնորոշման իրավունքը ճանաչող որեւէ փաստաթղթի, ինչպես դա արեց ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի (2010 թ. դեկտեմբեր) հնգակողմ հայտարարությունում, ԵԱՀԿ նախարարական հանդիպման 2009 թ. Աթենքի եզրափակիչ փաստաթղթի:
Կարելի է երկար վիճել, թե ով ինչ ներդրում ունի ղարաբաղյան հակամարտության ինչպես պատերազմական փուլի, այնպես էլ կարգավորման բանակցային գործընթացում... Սակայն այժմ, թերեւս, էականը դա չէ: Ակնհայտ է, որ շուրջ մեկ եւ կես տասնամյակ շարունակվող բանակցությունները երբեւէ բեկումնային չեն եղել: Այն, ինչ ունենք այսօր համազգային այս խնդրին վերաբերող միջազգային ընկալման հարցում, տարիների աշխատանքի արդյունք է: Եվ եթե այսօր խնդիրը համազգային շահերի հետապնդումն է, ինչպես հակառակորդի հետ պայքարում, այնպես էլ միջազգային ասպարեզում, գուցե ժամանակն է գիտակցելու, որ Արցախն ու ղարաբաղյան կարգավորումը ոչ թե հասարակական տարբեր շրջանակների միմյանց հակադրելու, այլ ձեռբերումները ճիշտ գնահատելու եւ համատեղ ջանքերով դրանք շարունակական դարձնելու առիթ կարող են լինել:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՍԵՆՅԱՆ

No comments: