«Դավիթբեկյան ուխտեր»-ը այն երեք հասարակական կազմակերպություններից մեկն է, որոնք նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման իրենց պահանջը ԱՄՆ ղեկավարությանը ներկայացնելու համար: “Մեր կազմակերպությունը դեռեւս անցած տարվանից է սկսել այս գործընթացը: Սյունիքի տարբեր քաղաքներում կազմակերպել ենք բողոքի ակցիաներ, որոնց մասնակցել են 40-80 հազար երիտասարդներ: Այդ ժամանակ էլ նույն պահանջով նամակ ենք ներկայացրել ԱՄՆ դեսպանին, որը սակայն մինչ օրս անպատասխան է մնացել”, - ասում է կազմակերպության խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը:
“Դուք, հարգարժան դեսպան քաջատեղյակ եք, որ երկու տասնյակից ավելի երկրներ արդեն ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն աշխարհին “խաղի կանոններ” թելադրող Ձեր գերհզոր դեմոկրատական հռչակված երկիրը մինչեւ այսօր չկա այդ ցուցակում: Սովորական է դարձել, որ Ձեր քաղաքական առաջնորդների համարձակությունը` մարդկության դեմ գործած ամենածանր եւ զազրելի հանցանքի դատապարտման հարցում, սահմանափակվում է նրանց նախընտրական գործընթացների ծրագրերում արված երկիմաստ հիշատակումների մատուցմամբ”, - ասվում է դեսպանին ուղղված նամակում, որի տակ “Դավիթբեկյան ուխտեր”-ից բացի ստորագրել են նաեւ “Հայրենապաշտ, հայրենասիրական” ու “Երիտասարդական կամք” երիտասարդական ՀԿ-ները:
“Թուրքերը փորձել են մի ամբողջ ազգ բնաջնջել, 1.5 միլիոն Հայ Մարդ են սպանել, սակայն հզոր Ամերիկան դեռ ծանր ու թեթև է անում. դատապարտել թե …”, - այս խոսքերով է ավարտվում դեսպանին ուղղված նամակը:
Նամակի հեղինակները ապրիլի 24-ի նախօրյակին ԱՄՆ դեսպանատան առջեւ կազմակերպել են բողոքի ակցիա եւ նամակը հանձնել դեսպանատան մամլո կցորդ Ջեյ Թրիլորին: Երիտասարդները որոշել են, որ եթե մեկ ամսվա ընթացքում պատասխան չստանան տիկին Յովանովիչից, նորից կգան դեսպանատուն:
ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Կապան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment