Tuesday, April 12, 2011

ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԻ

«Լրագիր» 12-4-2011- Ժառանգություն կուսակցության պաշտոնական գնահատականները տրվում են վարչության նախագահի, այսինքն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Այդ մասին ապրիլի 12-ին հայտարարել է Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ում լրագրողները հարցրել են, թե արդյոք նախօրեին կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ասուլիսային մտքերը Ժառանգության պաշտոնական դիրքորոշումն են:
“Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուբեն Հակոբյանի կողմից տրված գնահատականներին, դրան էլ այդպես պատասխանեմ. բառերի եւ որակումների ընտրությունն իրենն է, եւ ասել, թե որեւէ բառ կուսակցության պաշտոնական դիրքորոշում կամ գնահատականն է, կարծում եմ ճիշտ չի լինի”, ասում է Ստեփան Սաֆարյանը:
Ռուբեն Հակոբյանը բավական կոշտ գնահատական էր տվել Կոնգրեսի գործունեությանը: Ստեփան Սաֆարյանը նկատում է, որ Հակոբյանի գնահատակնները մեծ բան չեն փոխում ընդդիմադիր դաշտում առկա փոխհարաբերությունների մեջ:
“Այն, ինչ տեղի է ունենում, ես իսկապես պետք է ասեմ, որ շատ վատ է: Եվ կարծում եմ, որ երկու կողմերս էլ պետք է այնուամենայնիվ կանգ առնենք”, ասում է Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, այդպիսի վիճակներ կարող են լինել ընդդիմության միջեւ, բայց նորմալ չէ, որ դա երկար է տեւում: “Եվ ցավով պետք է արձանագրեմ նաեւ, որ ապրիլի 8-ի իր ելույթում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեթե պատասխանատվություն ստանձնեց, ուրեմն ՀԱԿ-ի թերթերով, Ժառանգության եւ նաեւ ՀԱԿ-ից դուրս մնացած ուժերի դեմ արշավի համար”, ասում է Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, իր համար ապրիլի 8-ի ելույթն ավելի համոզիչ բացատրություն էր, թե ինչու Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Հովհաննիսյանին, քան Մանդակունու խոսքից նրա մեջբերումները:

Ստեփան Սաֆարյանը նշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրավացի էր, որ տվյալ դեպքում գոյություն ունի քաղաքական վերաբերմունքի խնդիր: Ստեփան Սաֆարյանը նաեւ մտավախություն է հայտնել, որ Տեր-Պետրոսյանի ապրիլի 8-ի ելույթից հետո ընդդիմադիր դաշտում փոխհրաձգությունը կարող է չդադարել, քանի որ ելույթի բովանդակությունը հուշում էր, որ Կոնգրեսի համար քաղաքական գիծ է քննադատել բոլոր ուժերին, ովքեր կլինեն Կոնգրեսից դուրս:


No comments: