Friday, April 29, 2011

Թուրքիայում հայազգի գործիչը պատրաստվում է կուսակցություն ստեղծել. հարցազրույց

Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում, ինչպես արդեն հայտել է NEWS.am-ը, հայազգի ոչ մի թեկնածու չի մասնակցելու: Թեեւ նախապես թուրքական տարբեր ուղղվածության մի քանի կուսակցություններ հայտարարել էին, որ իրենց նախընտրական ցուցակներում կներառեն նաեւ հայազգի թեկնածուների եւ կամ կաջակցեն նրանց թեկնածությանը, սակայն վերջին պահին, կարծես մեկ կենտրոնի թելադրանքով, որոշումը փոխեց:
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը եւս մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր հայազգի թեկնածուի`կուսակցության անդամ հայազգի քաղաքագետ-գրող, Արդվինում ծնված Իսմեթ Շահինին (Ստամբուլի 2-րդ ընտրատարածք):
42-ամյա Շահինը, ինչպես ինքն ասաց, քաղաքականությամբ է զբաղվում շատ վաղ տարիքից, եւ իր հոդվածներում հիմնականում անդրադարձել է քրդական խնդիրներին: 90-ական թվականներին, երբ լուսաբանելիս է եղել քրդական խնդիրները, նրան մի քանի անգամ տուգանել են: Վերջին տարիներին Շահինը հանդես է գալիս ղարաբաղյան հարցի վերաբերյալ հրապարակումներով: Նախորդ տարի գիրք է հրատարակել` «Հակակապիտալիստական մանիֆեստ» անվամբ, այժմ էլ զբաղվում է Համշենի պատմությամբ, նաեւ համշենի բարբառի լեզվական առանձնահատկություններն է ուսումնասիրում: Ներկայումս աշխատում է մի գրքի վրա, որտեղ խոսվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջացրած աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության մասին: Գրքում խոսվում է այն մասին, որ առաջիկա 10 տարում ամերիկյան հեգեմոնիային փոխարինելու է չինականը:
Թե ինչո՞ւ հայազգի գործչի առաջադրումը կասեցվեց` NEWS.am-ը փորձեց պարզել հենց Շահինից, ով այս օրերին Հայաստանում է:
Որեւէ պատճառաբանություն, թե ինչու կասեցվեց իմ թեկնածության առաջադրումը, այդպես էլ չներկայացվեց իմ կուսակցության ղեկավարության կողմից: Բայց ես ենթադրում եմ, թե որն է այդ որոշման պատճառը. կարծում եմ, խուսափելով առաջադրել հայազգի թեկնածուների, քրդական կուսակցությունը փորձում է զերծ մնալ թուրքական խորհրդարանում խնդիրներ ունենալուց եւ իր պատգամավորների ուժերը կենտրոնացնել բացառապես քրդական խնդիրները վեր հանելու ուղղությամբ: Հայազգի թեկնածուներ չառաջադրելով, «Խաղաղություն եւ ժողովրդավարությունը» գուցե հույս ունի, որ դրա դիմաց թուրքական իշխանությունները կլուծեն քրդական խնդիրը:

-Ինչպե՞ս արձագանքեցիք Ձեզ` թեկնածու չառաջադրելու որոշմանը:
-Շատ պարզ. հրաժարական տվեցի`դուրս եկա կուսակցությունից:

-Հայտնի է, որ Դուք ձեր նախաձեռնությամբ փորձեցիք առաջադրվել նաեւ Ձեր ծննդավայրում`Համշենում, սակայն ինչ-որ բան էլի խանգարեց:
-Այո, նախընտրական գրավ պիտի մուծեի, սակայն անհրաժեշտ գումար չհավաքվեց: Նախընտրական գրավի չափը կազմում է մոտ 6 հազար դոլար: Չկարողացանք անհրաժեշտ գումարը հավաքել, քանի որ առաջադրման ժամկետի ավարտից մեկ օր առաջ սկսեցինք դրամահավաքը: Հավաքվեց ընդամենը 3 հազար դոլարի կարգի գումար ու փաստորեն, գումարի պատճառով դուրս մնացի ընտրապայքարից:

-Իսկ ի՞նչ կասեք մյուս հայազգի թեկնածուներին եւս ընտրություններում չառաջադրելու մասին:
-Իմ եւ մյուս հայազգի թեկնածուների առաջադրումները տարբերվում են նրանով, որ մյուսների անունները, որպես պոտենցիալ թեկնածուներ, ընդամենը շրջանառվում էին: Իսկ ինձ պաշտոնապես առաջադրել էին որպես թեկնածու:

-Ձեր հետագա անելիքների մասին ի՞նչ կասեք: Շարունակելու եք այսուհետ ե՞ւս քաղաքական գործունեություն ծավալել:
-Ես հասկացա, (BDP)-ն, որին անդամակցում էի, չի ուզում դառնալ համայն Թուրքիայի խնդիրներով զբաղվող կուսակցություն` իր ներուժը կենտրոնացնելով քրդական գործոնի վրա: Ուստի, մենք որոշել ենք ստեղծել նոր կուսակցություն, որը կընդունի սոցիալիստական գաղափարախոսության կողմնակից բոլոր մարդկանց` անկախ նրանց էթնիկ ծագումից, եւ կսպասարկի մեր հայացքներն ընդունող, Թուրքիայում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչների խնդիրները եւ կպաշտպանի Թուրքիայում ապրող բոլոր հալածյալների իրավունքները:

-Իսկ դուք մտավախություն չունե՞ք, որ թուրքական իշխանությունները չեն գրանցի Ձեր կուսակցությունը կամ կխոչընդոտեն Ձեր գործունեությանը:
-Ոչ, մտավախություն չունեմ: Բոլորն էլ իրենց քաղաքական հայացքներին համարժեք` օրենքների շրջանակներում կարող են կուսակցություն ստեղծել: Բնական է, որ քաղաքական կուսակցությունների առաջ իշխանությունները պարբերաբար խոչընդոտներ են ստեղծում: Ընդդիմությունն էլ հենց նրա համար է, որ իր դեմ արգելքներ հարուցվեն:

-Կուզեի անդրադառնայիք նաեւ հայ-թուրքական գործընթացին: Ըստ Ձեզ`այն ներկայումս ի՞նչ փուլում է, գործընթաց, որպես այդպիսին կա՞, թե՞ այն մեռած է:
-Գործընթացն, անխոս, սառած վիճակում է, չկա, որպես այդպիսին: Պատճառն թուրք ազգայնականներն են, որոնք արգելակում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Նրանք ազդում են թուրքական իշխանությունների վրա եւ պնդում, որ առանց ԼՂ հարցի կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դժվար խնդիր է: Եթե թուրքական խորհրդարանում հայազգի պատգամավորներ լինեին, նրանք ամեն ինչ կանեին, որպեսզի հայ-թուրքական գործընթացը չպայմանավորվեր ԼՂ խնդրով: Կարծում եմ` նաեւ այդ է պատճառը, որ խոչընդոտեցին մեր մուտքը խորհրդարան:

-Ձեր խոսքից տպավորություն է ստեղծվում, որ հայ-թուրքական հարաբերություններին խոչընդոտում է ոչ այնքան Ցեղասպանության հարցը, որքան ԼՂ խնդիրը:
-Այսպես պատասխանեմ. ԼՂ խնդիրն ավելի առաջնային է: Եթե ԼՂ խնդիրը լուծվի, թուրք ազգայնականները, որոնք դրա հիման վրա են կառուցում իրենց քաղաքականությունը, կզրկվեն քաղաքականություն իրականացնելու իրենց «հողից»: Հարկ է նկատել, որ թուրքական իշխանությունները նույնպես ազգայնական են: Թուրքիայի կառավարությունը որեւէ շահ չունի Հայաստանից, իսկ Ադրբեջանից`ունի: Նրանց համար կապ չունի, թե այդտեղ թուրքե՞ր են ապրում, թե՞ այլազգիներ: Կարեւրն այն է, որ այդ երկրից նավթ ու գազ է հոսում:
Զրուցեց` Հեղինե Մանուկյանը

No comments: