Monday, April 25, 2011

Ստամբուլում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. միջոցառումն անցել է լարված մթնոլորտում

Tert.am.25-4-2011- Երեկ երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված մարդիկ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ակցիային մասնակցել են «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսցակցությունից պատգամավոր Ուֆուք Ուրասը, նրա կինը՝ Զեյնեփ Թանբայը, «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի եղբայը՝ Օրհան Դինքը, փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, Գանջայ Գյուրսոյը, Ջենգիզ Աքթարը և ուրիշներ։
Հավաքվածների անունից «Այս ցավը բոլորինս է» վերնագրով հայտարարությամբ հանդես է եկել Զեյնեփ Թանբայը։
«1915թ. ապրիլի 24-ն այն աղետի մեկնակետը դարձավ, երբ պետությունը այս երկրում բնակվող այլ ժողովուրդների հետ գոյակցող հայ ազգի տղամարդկանց, կանանց, երեխաներին, ծերերին զուտ այն բանի համար, որ հայ են, արմատախիլ արեց այս հողերից, ինչի հետևանքով սպանվեցին և աքսորվեցին հարյուր հազարավոր հայեր։ Այդ օրվանից ի վեր պետությունն ու կառավարությունը փորձում է քողարկել այդ զարհուրելի իրադարձությունների ողջ էությունը՝ դրանք ներկայացնելով որպես ապստամբության արդյունքում տեղի ունեցած դեպքեր։ Սակայն դա՝ այդ մահվան աքսորը, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկության դեմ իրականացված հանցագործություն»,– նշվում է հայտարարությունում։
Այդ ընթացքում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող խմբից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հավաքվել են թուրք ազգայնականները, որոնք հնչեցրել են հակահայկական կոչեր։
Քրդերի, թուրք մտավորականների և իրավապաշտպանների կազմակերպած ակցիային փորձել են խոչընդոտել նաև մի խումբ ադրբեջանցիներ ու թուրքեր։ Վերջիններս հակահայկական կոչեր հնչեցնելու հետ մեկտեղ աղաղակել են. «Օլեյ, Օգյուն Սամասթ (Հրանտ Դինքին սպանողը,– Tert.am)»։
Ակցիայի անցկացման վայրում թուրք իրավապահները ձեռնարկել են անվտանգության միջոցառումներ, ինչի արդյունքում հնարավոր է եղել խուսափել բախումներից։
Զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել նաև Անկարայում, Բոդրումում, Իզմիրում և Դիարբեքիրում։

No comments: