Friday, April 29, 2011

«Սարդարապատ». ՀՀ-ում նոր իրավիճակը դարձել է շատ կառավարելի օտարների կողմից

Վերջին ամիսներին արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող ժողովրդական ընդվզումները և իշխանափոխությունների գործընթացները, աշխարհում, և ի մասնավորի մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական և ֆինանսա-տնտեսական որոշակի լծակներ ունեցող պետություններին պարտադրեցին մոտեցումների վերանայման։ Այդ փոփոխությունները իրենց դրոշմը թողեցին նաև Հայաստանի Հանրապետության և՛ իշխանությունների և՛ քաղաքական ընդդիմության գործունեության մեջ և մարտավարական քայլերում։
Արձանագրում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված նոր իրավիճակում դարձել է շատ ավելի կառավարելի և վերահսկելի օտարների կողմից։ Ուստի երկրի և ազգի ապագան գործնականում օտարների ձեռքը տնօրինման հանձնելու գործելաոճը կործանարար է և հղի Հայոց պետականության կորստով։

Օտարների բարեհաճությունը մուրացող որևէ քաղաքական ուժի և ղեկավարի կեցվածքը, որը հենվում է սեփական անլիարժեքության բարդույթի վրա, արժանի է միայն հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացիների արհամարհանքին։

2012թ. և 2013թ. Հայաստանի Հանրապետությունում համապետական ընտրություններին այսօրվանից պատրաստվող թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը հավասարապես կրում են պատասխանատվություն ժողովրդին հերթական անգամ խաբելու, ընտրությունները կեղծելու և իշխանությունը ժողովրդից խլելու ու մենաշնորհելու մեջ։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ կազմավորվող վերկուսակցական, համազգային և դիմադրական «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու որևէ համապետական ընտրության, քանի դեռ ժողովրդի կամքի պարտադրմամբ չի տապալվել իշխող ռեժիմը։ Վերահաստատում ենք նաև, որ «Սարդարապատ» շարժումը չի հանդիսանում և չի հանդիսանալու որևէ քաղաքական միավորման մաս։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

No comments: