Tuesday, May 31, 2011

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր սկիզբ է. Հայկ Դեմոյան

Tert.am. 30-5-2011- «Չկա այդպիսի փաստաթուղթ կամ միջազգային օրենք, որն արձանագրի հարյուրամյա վաղեմության հարցը, չնայած սա պոպուլյար խոսակցության թեմա է»,- այսօր Հայեց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո լրագրողներին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք 100-րդ տարելիցը որևէ բան է փոխում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Դեմոյանի խոսքով` դա ժողովրդի մոտ տարածված խոսակցություն է, որը սակայն որևէ կապ չունի իրականության հետ: «Այդ առումով եմ ասում, որ եկեք 2015թ. չնշենք մեզ համար սահմանագիծ, 2015թ. ոչ մի բան չի ավարտվում, հակառակը` ամեն ինչ նոր է սկսվում»,- հայտարարեց նա:

Դեմոյանը տեղեկացրեց, որ հիշյալ հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացվեցին ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ, ապա հանձնարարականներ տրվեցին Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարություններին, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիային՝ ներկայացնելու խորհրդակցական խմբի լրացուցիչ թեկնածություններ:

«Ճշգրտվեց ընդհանուր ռազմավարությունը. այս տարի ևս մեկ նիստ կլինի աշնանը, որի ժամանակ կամփոփվեն նախնական ծրագրերը, միջոցառումները»,- ասաց Հայկ Դեմոյանը:

Նա նաև նշեց, որ հանձնաժողովի համար կարևոր խնդիր է հանձնաժողովի տարբերանշանի (լոգոյի) և պաշտոնական կայքի ստեղծումը: Աշնանը, ըստ Դեմոյանի, կներկայացվի կայքի ընդհանուր հայեցակարգը։

No comments: