Թեհրանում կայացած Իրան-Հայաստան 10-րդ միջկառավարական տնտեսական համաժողովի հերթական նիստի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին ՀՀ և ԻԻՀ միջև էներգետիկայի, նավթի, գազի, ջրի, էլկտրոէներգիայի, առևտրի և արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:Այդ մասին տեղեկացնում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ալի Աքբար Սալեհին, խոսելով տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում հայ-իրանական համագործակցության մասին, նշել է, որ Հայաստանը տարածաշրջանում գերազանց դիրք ունի, և Հայաստանի միջոցով Պարսից ծոցի և Սև ծովի միջև հաղորդակցության ապահովումը լավ ազդեցություն կունենա ոչ միայն հայ-իրանական, այլև տարածաշրջանի երկրների առևտրային հարաբերությունների վրա:
«Իրանը, լինելով էներգետիկ հարուստ աղբյուրներ ունեցող երկիր, հարևան և բարեկամ Հայաստանի էներգետիկ կարիքների ապահովման համար հուսալի երկիր կարող է համարվել: 2010թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 38 տոկոսով` հասնելով մոտ 270 միլիոն դոլարի»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ նշել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անչափ կարևորում է Իրանի հետ ունեցած Հայաստանի հարաբերությունները, և հավելել, որ Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները կնպաստեն նաև հարաբերությունների զարգացմանն այլ ոլորտներում:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ հայ-իրանական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու նպատակով հունիսի 6-ին Հայաստան կժամանի ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment