Tuesday, May 31, 2011

Օլիգարխների ժամանակն անցե՞լ է

News.am. 31-5-2011- Վերջին ժամանակներս իշխանությունները կարծես թե «հակաօլիգարխիկ քաղաքականություն» են սկսել վարել: Ուժեղացվել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորությունները, որի գործունեության սուր մեխը, ուզեն, թե չուզեն` ուղղված է առաջին հերթին խոշոր տնտեսական կառույցների դեմ: Կառավարությունն իր հերթին գործնական քայլեր է իրականացնում փոքր բիզնեսի աջակցման ուղղությամբ` ներառյալ հարկային ճնշման էական թուլացումը: Սակայն այդ քաղաքականության գագաթնակետը նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 26-ի ելույթում բավական կոշտ հարցադրումներն էին: Նախագահը նաեւ ուղղակի հանդիմանեց խոշոր տնտեսվարողներին` հարկերից խուսափելու ջանքերի համար:

Շատերն են տարակուսում` իսկապե՞ս օլիգարխների ու օլիգոպոլիաների ժամանակն անցել է, թե՞ կառավարությունը պարզապես ձեւ է անում, թե այդպես է:
Ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ որքան հզոր է օլիգարխիան, այնքան երկրի մրցունակության աստիճանը ցածր է: Օլիգարխիական ստրուկտուրաները երկրի ներսում գուցե եւ մրցակցությունից դուրս են, սակայն նրանք հիշեցնում են ջերմոցային պայմաններում բուծված դինոզավրերի, որոնք այդ ջերմոցից դուրս ապրել չեն կարող: Պատահական չէ, որ հայկական օլիգարխիան սնվում է ներմուծումներից, նրանցից ոչ մեկը արտաքին շուկաներում նշանակալի հաջողություն չունի:
Այդ պատճառով 90-ական թվականների սկզբին սկիզբ առած հայկական օլիգարխիան իր հզորության գագաթնակետին հասավ 2000-ական թվականների կեսերին, երբ արժեւորվող դրամը ապահովեց ներմուծողների դոմինանտությունը երկրի ներսում:

Ս. Սարգսյանի այն հայտարարությունը, որ հայկական դրամի արժեւորումն անցանկալի է, շատ ավելի լուրջ հարված է հայկական օլիգարխիային, քան պետեկամուտների կոմիտեի ողջ վարչարարական ապարատը: Հավանաբար` հենց նրանց անհանգստությունը ստիպեց երկրի ղեկավարին հայտարարել, որ լուրջ գործարարը չի կարող միայն ներմուծմամբ զբաղվել:

Սակայն խնդիրն այն է, որ տեղական արտադրությամբ զբաղվելը օլիգարխներից շատերի համար կարող է մահացու ավարտ ունենալ, որովհետեւ նրանք ստիպված են լինելու մտնել իրական մրցակցության դաշտ, իսկ այնտեղ դինոզավրերին խանգարում է հենց իրենց ահռելի պոչը:

Ակնհայտ է, որ հայկական տնտեսությունը կմտնի որոշակի տրանսֆորմացիայի փուլ, եթե հայկական դրամը շարունակի իր տեւական «չափավոր արժեզրկման» շրջանը:

Տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը չի արդարացնում նաեւ մի շարք քաղաքական նկատառումներով: Օլիգարխիան այնքան է հզորացել, որ սպառնում է դառնալ ինքնուրույն քաղաքական գործոն: Եթե 90-ական թվականներին օլիգարխները հլու-հնազանդ ծառայում էին իշխանություններին` օգնելով ամրապնդվել ու դրա դիմաց ստանալով արտոնություններ, ապա ներկայում նրանք նաեւ գլխացավանք են: Հայրենի օլգարխները ավելի կամակոր են դարձել, ու ոչ միշտ է, որ հետեւում են իշխանության ցուցմունքներին: Նրանք համառորեն ձգտում են դեպի խորհրդարան ու կառավարություն` թուլացնելով կենտրոնական իշխանության գործոնը: Հավանաբար այս խնդրի գիտակցումն էլ դրդում է իշխանությւոններին` թուլացնել օլիգարխիայի տնտեսական ու քաղաքական հիմքերը:
Սամվել Ավագյան

No comments: