Wednesday, June 29, 2011

Մարտի 1-ից սկսած պրոցեսը

«Լրագիր» 29-6-2011- “Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի”:
Այս խոսքի հեղինակը Հայաստանի վարչապետն է, ՀՀԿ անդամ Տիգրան Սարգսյանը: Նա այդ բանն ասել է 168 ժամ թերթին տված հարցազրույցում:
Ինչ է նշանակում այդ արտահայտությունը: Ամբողջական պարբերությունը` հարցն ու պատասխանը, հետեւյալն է.
Այդ նույն կրիտիկական, դժգոհ զանգվածի մի մասն էլ` պահանջելու փոխարեն, այսօր հույսը կտրած` արտագաղթում է: Նույնիսկ վիճակագրական տվյալներով` արտագաղթողների ծավալները վտանգավոր սահմանի են հասնում:
Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի: Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում, պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում: Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը չի նվազում: Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին: Հավատացեք ինձ, որ ոչ մի իշխանություն չունի այնպիսի ցանկություն, թե այնպես աշխատի, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը:
Տիգրան Սարգսյանը, նրան վարչապետի պաշտոնին նշանակած հանրապետության նախագահն ու իշխող կուսակցությունը թերեւս պետք է պաշտոնական պատասխան տան վարչապետի այդ հայտարարության կապակցությամբ. Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի:
Մի՞թե սա այլ բան է, քան արտագաղթի խրախուսում պետական մակարդակով: Եվ միթե դա պետական դավաճանություն չէ, որ իրականացնում է ազգի ու Նժդեհի անունից հանդես եկող կուսակցական վերնախավը, երկիրը դատարկելու գնով պահելով իր իշխանությունը: Իսկ գուցե վաղը պարզվի, որ հենց Հայաստանի իշխանությո՞ւնն է Ռուսաստանին խնդրել, որ ՌԴ միգրացիոն ծառայության միջոցով Հայաստանից ընտանիքներ տեղափոխի Ալթայ, որպեսզի այդ ընտանիքները Հայաստանում չմնան ու “հեղափոխություն չանեն”:
Իսկ գուցե վաղը մի օրենք ընդունվի, որ ով ընդդիմադիր է, զրկվելու է Հայաստանի քաղաքացիությունից եւ կեցության իրավունքից: Իսկ գուցե մի օրենք ընդունվի, որ ով իշխանության մարմիններին չի ներկայացնի վերջին երեք ընտրություններում իշխանությանը ձայն տված լինելու փաստական ապացույցներ, նա պետք է երեք օրում լքի Հայաստանի տարածքը: Իսկ գուցե վաղը օրենք ընդունվի, որ ով գնում է ընդդիմության հանրահավաքներին, նա զրկվելու է քաղաքացիությունից եւ արտաքսվի Հայաստանից:
Եթե երկրի վարչապետն այսօր կարող է այդպիսի բան հայտարարել, ու թե ինքը, թե նրան նշանակած նախագահը, թե նրանց ներկայացրած իշխող խորհրդարանական մեծամասնությունը չտան որեւէ բացատրություն եւ այդպիսի հայտարարության համար ներողություն չխնդրեն աղքատության մեջ գտնվող հարյուր հազարավոր հայաստանցիներից, որոնք իրենց կամքով չէ, որ հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ եւ դարձել կրիտիկական տրամադրված խավ, ապա վաղը պետք չէ ոչ միայն վերը թվարկած օրենքների ընդունումը բացառել, այլ նույնիսկ պետք չէ բացառել, որ կրիտիկականներին կարող են եւ գնդակահարել` հեղափոխության դեմ պայքարի շրջանակներում:
Թեեւ, մարտի 1-ից այդ պրոցեսն արդեն իսկ սկսված է:
Վարչապետի հայտարարությունը պահանջում է հավելյալ բացատրություն, պահանջում է լրացուցիչ մեկնաբանություն եւ պարզաբանում: Տիգրան Սարգսյանն ինքը հայտարարում է, նույն հարցազրույցում, որ ամեն մարդ էլ հարցազրույցի այս կամ այն հարցին պատասխանելիս կարող է սայթաքել, ու ինքը դրա համար էլ փորձում է միշտ իր խոսքում լինել կոռեկտ, ու նաեւ պատրաստ է տալ հավելյալ մեկնաբանություններ իր խոսքի կապակցությամբ:

Ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանը, իր պատասխանի մեջ թերեւս մեղմ ասած սայթաքել է, եղել է ոչ կոռեկտ` Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների հանդեպ, եւ դա ունի մեղմ ասած պաշտոնական բացատրության կարիք, այլապես նորմալ երկրներում այդպիսի հայտարարության համար կամ հրաժարականի դիմում են ներկայացնում, կամ նախագահը ստորագրում է պաշտոնանկության մասին հրամանագիր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: